Ոստիկանությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել ցուցարարների գործողությունների առթիվ

Հայաստանի Գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել այսօր Հանրային ռադիո և երեկ ԵՊՀ ցուցարարների ներխուժման փաստի առթիվ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դատախազությունը՝ նշելով, որ ԵՊՀ մուտք գործելու ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել անվտանգության երկու աշխատակիցներ։

Անդրադառնալով Հանրային ռադիոյում այսօր տեղի ունեցած միջադեպին, Դատախազությունը նշել է. «Ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ միասին, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, մուտք են գործել պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող և ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲ ընկերության շենք: Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ վիճակում գտնվող դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը: Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու համար։

Մեկնաբանել