Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Այսօր կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 77 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ:

Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները։

Ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «վարչապետը խորհրդարանական կառավարման համակարգում չի կարող համեմատվել կիսանախագահական համակարգում նախագահի հետ․ վարչապետը մշտապես խորհրդարանական վերահսկողության տակ է»։

Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելն ուղեկցվում է բողոքի շարժմամբ, որն առաջնորդում է «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը կրկին ելույթ ունեցավ՝ խորհուրդ տալով ընդդիմադիր ԵԼՔ-ին «փողոցից խորհրդարան բերել իրենց գործընկերոջը»՝ նկատի ունենալով Փաշինյանին։

«Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին, բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ոչ պարտադրանք, ոչ դատավճիռ և ոչ էլ մեղադրանք»,- հայտարարեց նորընտիր վարչապետը։

Որ պատգամավորներն են դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը

«Ելք» խմբակցություն` Արամ Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Արտակ Զեյնալյան, Մանե Թանդիլյան, Գևորգ Գորգիսյան:

«Ծառուկյան» դաշինք` Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Արարատ Զուրաբյան, Լուիզա Սարգսյան, Վահե Էնֆիաջյան, Մարինա Մարգարյան, Շաքե Իսայան, Տատյանա Միքայելյան, Գևորգ Պետրոսյան, Հակոբ Նազարյան, Նորա Առուստամյան, Վարդևան Գրիգորյան: