LIVE Blog․ Երևանյան ցույցերը, ապրիլի 19

ՍիվիլՆեթը ուղիղ տեսաեթերով և տեքստային թարմացումներով շարունակում է լուսաբանել բողոքի ցույցերը Երևանում։ Ապրիլի 18-ի իրադարձությունները՝ այստեղ։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հայտարարեց ժողովրդական թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։ Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ հերթական բազմահազարանոց հավաքը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց շենքերի շրջափակման գործողությունները շարունակելու մասին։ Նա կրկին դիմեց Շառլ Ազնավուրին ու Սերժ Թանկյանին՝ Երևան գալու ու հավաքի մասնակիցների կողքին լինելու կոչով։ Փաշինյանն ընթերցեց նաև Թանկյանի ուղերձը։ Հազարավոր քաղաքացիներ այն ընդունեցին ծափերով, «արի տուն» վանկարկումներով ու լուսավորված հեռախոսներով։ Փաշինյանն ասաց՝ Ազնավուրին ու Թանկյանին Զվարթնոց օդանավակայանից մինչև Հանրապետության հրապարակ կհասցնեն ձեռքերի վրա, իսկ հայ ժողովուրդը պատրաստ է Թանկյանին դիմավորել որպես ազգային հերոսի։

21:31

Վաղը` ապրիլի 20-ին նախատեսվում է փակել Երևանի կենտրոնական փողոցները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բեռնատարների վարորդներին փակել փողոցները: 

21:06

Վանկարկում են՝ Զենքդ դիր, մերժիր Սերժին։

21։00

Մեր հեղափոխությունը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, որովհետև ՀՀ-ում մթնոլորտ է փոխվել, և մարդիկ այլևս չեն ուզում ապրել այն Հայաստանում, որ գոյություն ուներ 15 օր առաջ։ Այսօր մի քաղաքացի մոտեցել և ասել է․ «Գիտես ինչ կա, վերջին 20 տարվա ընթացքում հայը հային էնքան չի սիրել, որքան էս օրերին»։

20։57

Սիրելի ոստիկաններ, այն պահին, երբ միանաք այս գործընթացին աշխատանքը կորցնելու եք ոչ թե դուք, այլ Սերժ Սարգսյանը․ Նիկոլ Փաշինյան

20։54

Քաղաքական այս գործընթացում ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա։ Մենք չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվի ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կամ Ռուսաստանի շահերով, մեր միակ անելիքն ու առաջնահերթությունը Հայաստանի ու ԼՂՀ-ի պետական ու ազգային շահերի սպասարկումն է, ու Ղարաբաղի ու Հայաստանի շահերից է բխում, որ Սերժ Սարգսյանը անհապաղ հեռանա իշխանությունից․ Նիկոլ Փաշինյան

20։53

Վանկարկում են՝ Արի տուն, արի տուն

20։50

Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարեց Սերժ Թանկյանը և երկար զրուցեցինք Հայաստանի իրավիճակի մասին․ Նիկոլ Փաշինյան։

Սիրելի Սերժ, քո հայրենիքը այս օրհասական պահին ունի քո կարիքը։ Խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս գնիր և արի Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

20:48

Նիկոլ Փաշինյան․ Գարիկ Սարգսյանն առաջին պաշտոնյաներից էր, որը իր աշխատասենյակից հանել է Սերժ Սարգսյանի նկարը։

20:45

Ելույթ է ունենում Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Այսօր նա համագյուղացիների հետ փակել էր Հյուսիս-Հարավ մայրուղին։

«Կյանքը շատ կարճ է վախեցած ապրելու համար»,- ասում է նա։

20։42

Ժողովրդական հեղափոխությունը վերածվել է ժողովրդական տոնախմբության․ Նիկոլ Փաշինյան

20։40

Սերժ Սարգսյանի՝ առանձնատնից հրաժարվելու որոշումը նշանակում է, որ նա զգում է թավշյա հեղափոխության շունչը․ Նիկոլ Փաշինյան

20։36

Հարթակում է Նիկոլ Փաշինյանը։

20։30

Ելույթ է ունենում դերասան Սերգեյ Դանիելյանը։

20:20

Հրապարակի մերձակայքից քաղաքացիներ են բերման ենթարկվել, հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը։ Նրա տեղեկացմամբ՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններն առգրավել են քաղաքացիների հեծանիվները։

20:15

Ելույթ է ունենում Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

Նա ասում է՝ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց իշխանությունը՝ կրակելով քաղաքացիների վրա։

20։13

Ելույթ ունեցավ Ռուբեն Հախվերդյանը։

20։09

Արսինե Խանջյանը խնդրում է բոլոր ընդդիմադիր ուժերին միասնաբար մասնակցել շարժմանը։ Նա առաջարկում է հստակ օրակարգ ներկայացնել խորհրդարանի անդամներին, որ ոչ միայն փողոցի ձայնը լսելի լինի։

20։08

«Ես ձեր կողքին եմ»․ Գերմանիայից հանրահավաքին միանում է Արսինե Խանջյանը՝ ասելով, որ ինքն ու ընկերները միանում են ցուցարարներին և միայն ֆիզիկապես այստեղ չեն։

20։00

Կոչին է արձագանքել Արսինե Խանջյանը և ելույթ կունենա․ Արմեն Գրիգորյան

19։45

Աշտարակում քաղաքացիները ինքնակազմակերպվել են և վաղը միանալու են մեզ․ Արմեն Գրիգորյան

18։40

Ելույթ է ունենում Մերժիր Սերժիր նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

«Մենք պարալիզացնելու ենք Սերժ Սարգսյանի անվտանգությունը ապահովող համակարգը»,- ասաց նա։

18։56

Փաստաբան Երվանդ Վարոսյան․ «Երբ անձին բերման են ենթարկում զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով, հետո արդեն ոստիկանության բաժնում սկսում վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթ, ապա 3 ժամը լրանալուց հետո էլ հայտնվում է քննիչ, որն առանց ծանուցագրի կամ տեղում լրացվող ծանուցագրով սկսում է մարդուն ևս 4 ժամ հարցաքննել որպես վկա… Ապա ողջ այս պրոցեսն անգամ հիմնավորում է, որ տեղի է ունենում անձի ապօրինի ազատութնունից զրկում, որի նպատակը ոչ նրան պատասխանատվության ենթարկելն է, ոչ էլ հարցաքննելը, այլ քողարկված կերպով մի քանի ժամով խաղաղ հավաքին մասնակցելու նրա իրավունքի սահմանափակումը, հավաքին մասնակցելու համար պատժելը, հետագա հավաքներին մասնակցելուց զերծ պահելը։ Նման գործողությունները խախտում են անձի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված իրավունքները»։

18։55

Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը։

18:45

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

«Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը եւ ինժեները, քաղաքական գործիչը եւ պետական պաշտոնյան, եւ, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի:

Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական եւ քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը եւ նրա մեծամասնության ձեւավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու եւ հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար:

Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:

Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար:

Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները եւ ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով:

Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին եւ իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն եւ պատասխանատվություն:

Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»։

18:35

Հանրապետության հրապարակում հատուկ նշանակության ուժեր են կուտակված։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 19։00-ին։

18։25

Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը պատմում է՝ ինչպես են իրեն բերման ենթարկել։

«Մենք հիվանդանոցից դուրս եկանք, միջին հասակի տղամարդ մոտեցավ, ասեց՝ կարող ենք քո հետ խոսել։ Մոտեցանք, որ խոսենք, հասկացա, որ նրա նպատակը խոսելը չէ։ Ուզեցա գնալ։ Մի 10-15 հոգով սկսեցին մեր հետևից գալ ու վատ արտահայտություններ օգտագործել։

Որ տենց բաներ ասացին, հետ եկա։ Հետ եկա էս փողոցի վրա, իրար խփել ենք ու իրանք փախել են»,- պատմում է Դավիթը։ Խփելուց հետո կանգնել է հիվանդանոցի դիմաց՝ սպասելով, որ հետ գան, սակայն չեն եկել։ Ակտիվիստի խոսքով՝ վախացնելու մեթոդներն իր հետ չեն աշխատում։

18:20

Թող Վիգեն Սարգսյանը բանակի համար մայկա-տռուսիկ առնի։ Ահա սա է սպառնում Հայաստանի անվտանգությանը․ Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Վիգեն Սարգսյանին, որն ասել է, որ պետական համակարգը կաթվածահար անելը կարող է սպառնալ անվտանգությանը։

18:10

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից, հաղորդում է Aysor.am կայքը։

Կառավարության նիստի ժամանակ նա ներկայացրել է հարցի առնչությամբ իր հիմնավորումները։

«Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն կառավարության հարգելի անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ», – կառավարության նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

17:45

Հանրապետության հրապարակում բազմություն է հավաքվում։ Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաքը՝ ժամը 19։00-ին։

17:25

Արսեն Խառատյան, Մերժիր Սերժին․

Մասիվի հիվանդանոցի մոտ 10 հոգով հարձակվել են Դավիթ Պետրոսյանի և Գարիկ Միսկարյանի վրա: 

17։20

Ոստիկանության Շենգավիթի բաժնից դուրս եկած ակտիվիստները պատմում են, թե ինչպես բերման ենթարկվեցին։

Ասում են՝ բերման ենթարկելիս հիմքեր չեն ներկայացնում։ Ներսում եղել են չորս ժամ և ավել, մինչդեռ օրենքը նախատեսում է երեք ժամ։

17։15

ՀՅԴ հայտարարությունը

«Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են:

Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե Հայաստանի քաղաքացին, թե երկիրը:

Այս առումով անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: Ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորելու, պետականաշինության նոր փուլը բնականոն ընթացքի մեջ դնելու, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը ամբողջացնելու, պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, մասնակցային ժողովրդավարություն ապահովելու պարտավորություն ունենք բոլորս:

Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո՝ որպես պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ՝ առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»:

17:10

«Պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը»․ Գարեգին երկրորդի կոչը

«Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները:

Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում: Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն»,- նշված է կաթողիկոսի ուղերձում:

16։55

ՍիվիլՆեթի թղթակից Մարիա Եղիազարյանը հաղորդում է․

«Ապրիլի 19-ի առավոտից Շենգավիթի ոստիկանական բաժին բերման է ենթարկվել հավաքի 54 մասնակից։ Նրանցից 30-ին ոստիկանները շարունակում են պահել բաժնում։ Բերման ենթարկվածների թվում եղել է 8 անչափահաս, նրանք բոլորն ազատ են արձակվել, նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Բերման ենթարկված քաղաքացիներից ոմանք հրաժարվել են ներկայանալ ու ոստիկաններին տրամադրել իրենց տվյալները։ Շենգավիթի ոստիկանական բաժնում են եղել  նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը։ Ոստիկանական բաժնի դիմաց կան առանց պետհամարանիշների մեքենաներ»։

16։52

Ապրիլի 19-ին խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի կառավարության առաջին նիստն է, որը, փոխված օրենքի համաձայն, անցնում է դռնփակ։ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը ժամանում է կառավարության շենք։

 

16:20
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը եկել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք՝ բերման ենթարկված քաղաքացիների հետևից։

16։00

Սինոփսիս ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում ընկերության ներսում։  Նրանցից մեկը ուղիղ հեռարձակում է իրականացնում։ Նշվում է, որ ընկերության աշխատակիցներից մեկին ազատել են ակցիաներին մասնակցելու համար։

15։57

Ֆեյսբուքի օգտատեր Արթուր Տեր-Գրիգորյանը կադրեր է արել, թե ինչպես են ոստիկանները Կոմիտասի պողոտայում բերման ենթարկում քաղաքացիներին։

15:19

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ժամը 13։30-ի դրությամբ 100 քաղաքացի է բերման ենթարկվել։

Մեկ այլ հաղորդագրությամբ ոստիկանությունը Փաշինյանին ու երթի մյուս կազմակերպիչներին մեղադրում է սադրիչ գործողությունների հրահրելու մեջ։

«Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթևեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը: Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը չխոչընդոտելու վերջիններիս պարտավորության ակնհայտ խախտման, որպիսի գործողություններն առանձին դեպքերում զուգորդվում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ:
Նշված, ինչպես նաև հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների և իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջև:

Այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը:»։

15:16

Արսեն Խառատյանը գրում է, որ նույն վիճակն է նաև Շենգավիթի ոստիկանությունում՝ մարդկանց բերման են ենթարկում առանց համարանիշերի կամ ծածկված համարանիշերով մեքենաներով։ 

15:10

Շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը գրում է, որ քաղաքացիներին կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկում առանց պետհամարանիշերի, կամ ծածկված անհասկանալի ավտոմեքենաներով…

14։50

Երթի մասնակիցները կանգ են առել քաղաքապետարանի դիմացի այգում՝ կոմայգում, հանգստանում են, պատրաստվում երեկոյան հանրահավաքին Հանրապետության հրապարակում։

13։54 

Երթը Երևանի քաղաքապետարանի մոտ է, բայց երթը անցնում է դիմացի մայթով։ Քաղաքապետարանի մուտքի դիմաց վահաններով ոստիկաններ են կանգնած։

13։48

Երթը Հաղթանակի կամրջի վրա է, երթևեկությունը երկկողմանի փակված է։ Լսվում են ավտոմեքենաների ազդաշնանները։ Դիտեք ուղիղ։

13։22

Քանի դեռ բերման ենթարկվածներին ազատ չեն արձակել, մենք կշարունակենք փողոցի երկու հատվածով շարունակել երթը․ Նիկոլ Փաշինյան

Իսակովի պողոտայում մեծ խցանում է առաջացել։ Ըստ Փաշինյանի՝ հետևի շարքերում քայլով քաղաքացիներին են բերման ենթարկում։

13:19

Երթը Իսակովի պողոտայում է, ԱՄՆ դեսպանատան մոտ։ Դիտեք ուղիղ։

13:17

Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված Վահագն Գևորգյանը պատից պոկում է Սերժ Սարգսյանի նկարը և պատուհանից նետում դուրս։

 

13:05

Ոստիկանության հաղորդագրությունը

«Նույն գործելաոճով ապօրինի հավաքի ղեկավարի գլխավորությամբ և նրա անմիջական ցուցումներով դրա մասնակիցներն այսօր առավոտից կազմակերպված կերպով փակել են ՀՀ կառավարության մասնաշենքի մուտքը` խոչընդոտելով աշխատակիցների անարգել մուտքն ու ելքը մասնաշենք: Հավաքի կազմակերպիչները և մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել իրենց ապօրինի գործողությունները դադարեցնելու մասին ոստիկանության օրինական պահանջներին, այլև բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ:
Նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից և ևս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները:

Ստեղծված իրավիճակում, իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ:
Բացի այդ հետևելով ապօրինի վարքագիծ դրսևորելու մասին հավաքի ղեկավարի կոչերին` դրա մասնակիցները վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները»:

13։00

Երթը շարժվում է Իսակովի պողոտայով։ Շարունակում են լսվել մեքենաների ազդանշանները։ 

12:55

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանի դեմ բռնության մասին տեղեկությունը դատախազության կողմից ուղարկվել է Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։

11:50

Ոստիկանությունը Մաշտոց-Թումանյան խաչմերուկի միջադեպի ևս մեկ մասնակցի է հայտնաբերել:

11:30

Երթը շարունակվում է, հարյուրավոր մարդիկ պարզել են «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր» կոչերով թղթեր։ Լսվում է մեքենաների ազդանշանների ձայնը։

11։15

Մեծ թվով ոստիկաններ՝ Փեթակ առևտրի կենտրոնում։ Փաշինյանը դիմում է կենտրոնի առևտրականներին՝ կոչ անելով դուրս գալ փողոց։

11:05

Ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին:

11։03 

Երթը մտավ Փեթակ շուկայի տարածք։

10։50

Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության հայտարարությունը

«Ազգային վերածնունդ կուսակցությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունը և հայտնում է իր համերաշխությունը։ 

Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում քաղաքացիական անհնազանդություն, հազարավոր մարդիկ բողոքում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ:  Ազգային վերածնունդ կուսակցության և անձամբ իմ անունից ողջունում և մեր համերաշխությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիներին և փաստում, որ նրանց գործողությունները ուղղված են քաղաքական մենաշնորհի վերացմանը, Հայաստանում արդար հասարակության ստեղծմանը և այդպիսով բոլորիս անվտանգության և պաշտպանունակության բարձրացմանը»:

Կուսակցության նախագահ Հայկ Խանումյան

10։38

Նիկոլ Փաշինյանի կոչը վարորդներին․ «Սերժին դե՛մ ես, սիգնալ տո՛ւր»։

10։28

Երթի մասնակիցները անցնում են Մանկավարժական համալսարանի մոտով, վանկարկում են՝ «Դասադուլ», «Միացե՛ք»։ Երթն ուղեկցում են կարմիր բերետավորները։

10:25

Ոստիկանության հորդորը լրագրողներին

«Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»:

10։20

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյան․ Կյանքը պայքար է, պետք է պայքարենք, որ ունենանք օրենքի երկիր։ Որքան բռնության մտավախություն ունենանք, պետք է շարունակենք պայքարը։

10։18

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյան․ Առաջին օրվանից մասնակցում եմ այս ցույցերին։ Դեմ եմ բռնի ուժին, պետք է լուծենք խաղաղ պայքարի միջոցով։

10։17

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյան․ Եկել ենք, որ Սերժ Սարգսյանին ռեժիմի հետ հեռացնենք։ Այս 10 տարիներին նա տարել է կործանման։ Կոչ եմ անում բոլոր ազատամարտիկները մի մարդու նման մասնակցեն այս պայքարին, որպեսզի Հայաստան պետությունը փրկենք բռնապետ Սերժիկի ռեժիմից։

Մենք հաղթելու ենք, որովհետև ժողովրդի 99 տոկոսը չի ուզում այս իշխանությանը։

10:15

Ցուցարարները հեռանում են կառավարական երրորդ շենքի մոտից։

10։00

Դավիթ Սանասարյան․ քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակվել են Հայկական ժամանակի լրագրող Տիրայր Մուրադյանի վրա։

9.30

Ոստիկանները կառավարության երրորդ մասնաշենքի մոտից բերման են ենթարկել տասնյակ ցուցարարների։ Ուսանողների թվում ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն է։

8։30

Առավոտյան 8։00-ից Նիկոլ Փաշինյանը համախոհների հետ քաղաքացիական անհնազանդության գործողություններ է իրականացնում կառավարական շենքերի մոտ։