Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրությունը շարունակում են խեղաթյուրել

Վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ շարունակում են պահպանվել նախկին խեղաթյուրումները։ Սարգսյանի պաշտոնական կենսագրությանը, դրա մեջ առկա անճշտություններին և սրբագրումներին մենք անդրադարձել ենք մի քանի հրապարակումներով:

Մի քանի օր առաջ գործարկվեց նոր վարչապետի նոր կայքը՝ primeminister.am, որտեղ՝ վարչապետի կենսագրությունը բաժնում պահպանվել են նախկինում եղած և մեր մատնանշած խեղաթյուրումները։

Սկսենք անունից։ Վարչապետ Սերժ Սարգսյանի անունը ծննդյան վկայականով Սերժիկ է։ Խորհրդային շրջանում, ի դեպ, սա շատ տարածված անուն էր։ Ընդհանրապես, իկ վերջավորությունը այդ տարիներին համատարած էր՝ Հրաչիկ, Սերժիկ, Վաչիկ, Նորիկ և այլն։  

1993-ի օգոստոսին Վազգեն Մանուկյանի փոխարեն Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրով Սերժիկ Սարգսյանը (այդպես է հրամանագրում՝ Սերժիկ) նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար: Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթում հրապարակվեց ինչպես հրամանագիրը, այնպես էլ՝ նոր նախարարի կենսագրականը: Ուշագրավ էր, որ եթե հրամանագրում օգտագործվել էր Սերժիկ անունը, ապա կենսագրականում՝ Սերժ:

Ահա այդ հատվածը, ըստ Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթի․

«Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյան։

Ծնվել է 1954 թ. Ստեփանակերտում, ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1972-74` ծառայել ԽՍՀՄ բանակում, ապա սովորել և ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինը: 1975 թ. ուսմանը զուգահեռ աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում, որպես խառատ: 1979 թ. տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել կոմերիտական և կուսակցկան մարմիններում: 1983-85 թթ. եղել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար, մինչև 1988-ը` կոմկուսի ԼՂԻՄ-ի մարզային կոմիտեի առաջին քարտուղարի օգնականը: 1988-ից մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991-ից ԼՂԻՄ-ի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահն է»:

Պատմության, կենսագիրների, պաշտոնյաների մասին գիրք գրել պատրաստվողների համար չափազանց կարևոր է, թե վարչապետ Սերժ Սարգսյանի անունը ո՞ր թվականին է անձնագրով փոխվել և արդյոք պահպանվել ե՞ն անվանափոխության համար պարտադիր ՀՀ ընթացակարգերը։

Որպես առաջին կենսագրական, մենք վերցրել ենք հենց 1993-ին պաշտոնաթերթում հրապարակվածը, քանի որ հենց 1993-ի օգոստոսին էր, երբ պարոն Սարգսյանը, Տեր-Պետրոսյանի հրավերով ժամանեց Երևան (եթե վստահենք Տեր-Պետրոսյանին, ապա Սարգսյանը Երևան է եկել Մոսկվայից, քանի որ նա 1993-ին խնդիրներ է ունեցել այն ժամանակ Արցախում ամենազոր Սամվել Բաբայանի հետ և մի քանի ամիս բացակայել Արցախից։ Այսօր անազատության մեջ գտնվող Բաբայանը հերքեց դա)։

Ուշադրություն դարձրեք այս հատվածին․

«1979 թ. տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել կոմերիտական և կուսակցկան մարմիններում: 1983-85 թթ. եղել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար, մինչև 1988-ը` կոմկուսի ԼՂԻՄ-ի մարզային կոմիտեի առաջին քարտուղարի օգնականը: 1988-ից մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991-ից ԼՂԻՄ-ի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահն է»:

Երբ Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի պաշտոնը, President.am կայքում նույն այդ տարիների հատվածը շարադրված էր այսպես.

«1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր»:

Նույն ձևով է նաև ներկայացված այսօր՝ Primeminister.am-ում։

Այսպիսով, եթե 1993-ի տարբերակում նշվում է, որ Սարգսյանը 1983-ից է աշխատել Ստեփանակերտի քաղկոմում և մարզկոմում, ապա President.am և Primeminister.am կայքերում 1983-ը չորս տարով հետ է տարվել՝ 1979:

Սա շատ կարևոր հանգամանք է։ Չորս տարով հետ է տարվել։ Ինչո՞ւ։ Ի՞նչ կա թաքնված այդ չորս տարիների տակ։

Սա ենթադրաբար արվել է, որպեսզի որևէ մեկը չհիշի, որ 1979-1983 թվականներին կամ այդ տարիների ընթացքում մի հատված Սերժ Սարգսյանը սովորել և ավարտել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը», ապա աշխատանքի անցել Աղդամի քաղկոմում:

Միանգամից նշենք, որ բազմաթիվ, գուցե հարյուրավոր հայեր, ինչպես Խորհրդային Հայաստանից, այնպես էլ Խորհրդային Վրաստանից ու Խորհրդային Ադրբեջանից, սովորում էին հենց Բաքվի կուսակցական դպրոցում, և դա բնական էր։

Այս «վինետկայի» լուսանկարում այն կոմունիստ կամ կոմսոմոլ ուսանողներն են, ովքեր 1980-ին ավարտել են Բաքվի կուսակցական դպրոցը։

Իսկ այս մեկը Սարգսյանի վկայականն է՝ կոմսոմոլի տոմսը, որտեղ ռուսերենով նշված է, որ նա աշխատել է Աղդամի քաղկոմում և կուսակցական վճար մուծել։

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեկ այլ հատված ավելի աղաղակող խեղաթյուրում է։

«1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն» նախադասությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ, նախ՝ Արցախում «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» կառույց չի եղել երբեք, և երկրորդ, եթե խոսքը ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի մասին է, ապա նրա առաջին հրամանատարը եղել է Արկադի Կարապետյանը, ժողովրդի շրջանում ավելի հայտնի «Դաշնակ Ագո» անունով:

Իսկ եթե խոսքը վերաբերում է Արցախի առաջին վարչապետ Օլեգ Եսայանի կառավարության մաս կազմող Պաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնին, որն իրավամբ զբաղեցրել է Սերժ Սարգսյանը, ապա դա եղել է 1992-ի հունվարից:

Պարոն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ, առաջին անգամ 2008-ից, և դրանից հետո անընդմեջ, նշվում է Հենրիխ Պողոսյանի անունը։ Ավելի հստակ, գրված է, որ նա եղել է  «ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական»:

Թե ինչու է հատուկ նշվել Պողոսյանի անունը, բացատրելի է: Երկար ժամանակ, անգամ մինչև այժմ, մամուլում գրվում է, որ Սերժ Սարգսյանը եղել է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը: Որպեսզի այդ շփոթը տեղ չգտնի, Սարգսյանի կենսագրականում հատուկ տեղ է գտել Պողոսյանի անունը: Հատկապես պետք է հաշվի առնել, որ Հայաստանում և Արցախում Կևորկովի մասին գերազանցապես բացասական հետք է մնացել:

Որքանով մեզ հաջողվել է պարզել, պարոն Սարգսյանը, 1989-ին, շարունակելով լինել կոմկուսի անդամ, երբեք չի եղել Կևորկովի օգնականը։ Համենայն դեպս, մեր տրամադրության տակ չկա փաստաթուղթ, համաձայն որի նա եղել է Կևորկովի օգնականը։

Մեզ չի հաջողվել պարզել նաև, թե մինչև որ թվականն է պարոն Սարգսյանը եղել կոմկուսի անդամ։

Ընդհանրապես, Սարգսյանի պաշտոնական կենսագիրները հետևողականորեն մոռացության են տալիս նրա կուսակցական հարուստ անցյալը և շեշտադրում 2006-ը, երբ Սարգսյանը դարձավ ՀՀԿ-ական։

Մինչդեռ չափազանց կարևոր է նրա ոչ միայն ՀՀԿ-ական, այլև ՀՀՇ-ական ու կոմունիստական անցյալը։

Թաթուլ Հակոբյան