Հայաստանի՝ ժողովրդականություն չվայելող նախագահն ինքն իրեն վարչապետ է սարքել․ The Economist

Երևանյան իրադարձություններին անդրադարձել է բրիտանական The Economist-ը։

«Մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- դեռ 2014-ին հայտարարում էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։ Սակայն ժողովրդականություն չվայելող պարոն Սարգսյանը, որի պաշտոնավարման երկրորդ (և վերջին) ժամկետը լրացավ ապրիլի 9-ին, պարզապես կատակում էր: Ապրիլի 17-ին Սարգսյանի հավատարիմներով լի Ազգային ժողովը ընտրեց նրան որպես երկրի նոր վարչապետ: Նույնիսկ ամենամեծ «ընդդիմադիր» [Ծառուկյան դաշինքի – խմբ․] խմբի շատ անդամներ քվեարկեցին նրա օգտին: Եթե ընդօրինակումը շողոքորթության ամենաանկեղծ ձևն է, ապա Վլադիմիր Պուտինը երևի այժմ ժպտում է:

Քվեարկությունից առաջ Երևանի փողոցներ դուրս եկան մոտ 10 000 ցուցարարներ, որոնք վանկարկում էին՝ «Մերժիր Սերժին»։ Ոստիկանությունը նրանց ցրելու համար օգտագործեց արցունքաբեր գազ։ Հետադարձ հայացք նետելով՝ Սարգսյանի մտադրությունները վաղուց արդեն հասկանալի էին: 2015 թ. դեկտեմբերին նրա նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնում այս ամիս, վարչապետին շնորհում է նախագահի՝ նախկինում ունեցած գրեթե բոլոր լիազորությունները: Փոփոխությունները նաև վերացրեցին նախագահի ուղղակի ընտրությունները՝ հնարավորություն տալով, որ այդ պաշտոնը ևս զբաղեցնի Սարգսյանին քծնողներից մեկը։

Տասնամյա իշխանությունից հետո պարոն Սարգսյանը պարծենալու քիչ բան ունի: Տնտեսությունը, որը կախված է Ռուսաստանից դրամական փոխանցումներից, գրեթե չի աճել: Գործազրկությունը մոտ 20 տոկոս է: Տասը հայաստանցիներից երեքը՝ ավելի շատ, քան 2008 թ., ապրում է աղքատության գծից ներքև՝ օրական 2,9 դոլարից ոչ ավելի եկամտով: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները փակ են: Օտարերկրյա ներդրողները խուսափում են գալ կոռուպցիայի պատճառով: Օլիգարխները, այդ թվում՝ պարոն Սարգսյանը, վերահսկում են տնտեսության հիմնական ճյուղերը:

Նոր վարչապետը եռաթև օրակարգ ունի: Նախ, տնտեսական ինտեգրումը Եվրամիության հետ, որը Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է: Ապրիլի 11-ին Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը պարտավորեցնում է ներդաշնակեցնել կարգավորումները ԵՄ-ի հետ: Երկրորդը` արտագաղթի դեմ պայքարը։ 2008-ից ի վեր, շուրջ 300 հազար հայաստանցիներ, ընդհանուր առմամբ բնակչության 10 տոկոսը, լքել են երկիրը: Անցյալ տարի Սարգսյանը 2040թ. թիրախային բնակչություն է սահմանել 4 միլիոնը: Վերջին ուղղությունը Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կայան դարձնելն է:

Այս նպատակները առանձնապես իրատեսական չեն: ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրի ավելի թույլ տարբերակն է, որից պարոն Սարգսյանը հրաժարվել էր 2013թ․` փոխարենը ընտրելով Ռուսաստանի ղեկավարած Եվրասիական տնտեսական միությանը: Բնակչության թիրախը ոչ մի կոնկրետ առաջարկ չի ներառում։ Սարգսյանը ցանկանում է փորձել գրավել հայկական սփյուռքի 7-10 մլն էթնիկ հայերին, սակայն պարզ չէ, թե նրանցից քանիսն են ուզում վերադառնալ: Հայաստանի ՏՏ ոլորտը տնտեսության ամենաարագ աճող մասն է, որը 2017 թ. կազմել է ՀՆԱ-ի 7 տոկոսը, սակայն այն հիմնականում հայտնի է իր էժան աշխատուժով: Առկա է կոշտ մրցակցություն Ուկրաինայի ու Ռումինիայի կողմից։ Սարգսյանի նոր պաշտոնավարումը, ամենայն հավանականությամբ, կհիասթափեցնի։ Շուտով նա կարող է գնահատել 2014թ․ իր խոսքերի իմաստությունը:

Մեկնաբանել