Վտանգը կար, որ Սերժ Սարգսյանը կփորձի դառնալ «հայկական Պուտին»

Ֆեռնանդո Կազալ Բերտոան Նոթինգհեմի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է։ Նրա ուսումնասիրությունների շրջանակում է նաև Հայաստանը։ Դոկտոր Բերտոան մասնակցում էր Հայաստանում 2014-2015 թթ. սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բանավեճին։ 2015-ի հոկտեմբերին ՍիվիլՆեթի հետ զրույցում նա տարակուսանք էր հայտնում Հայաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով, որ թեև անցումը խորհրդարանական կառավարման կարող է օգնել Հայաստանին ավելի ժողովրդավար դառնալ, սակայն առավել կարևորը իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունն է:

– Դոկտոր Բերտոա, Դուք հավանաբր հետևել եք վերջին զարգացումներին և գիտեք, որ խորհրդարանական կառավարման ձևին անցումը Հայաստանում հանգեցրել է նախկին նախագահի իշխանության շարունակությանը, քանի որ նա պարզապես ընտրվեց երկրի վարչապետի պաշտոնում՝ շարունակելով իր ձեռքում պահել երկրի ղեկը։ Ի՞նչ եք կարծում, դեպի ուր են այս բոլոր զարգացումները տանում Հայաստանին:

Դե, իմանալով ռուսական նախադեպը, հստակ վտանգ կար, որ նման բան տեղի կունենա, այսինքն, որ Սարգսյանը կդառնա «հայկական Պուտին»: Իմ կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների ոգին կոտրվել է, և Հայաստանում ինստիտուտները ակնհայտորեն աղավաղվել են։ «Ժողովրդավարության անցնելու» Հայաստանի ապագան ակնհայտորեն նվազ պայծառ է, քան մեկ շաբաթ առաջ:

– Նոր Սահմանադրության համաձայն՝ վարչապետը կարծես թե ավելի հզոր է, քան նախագահն էր Սահմանադրության ավելի վաղ տարբերակի օրոք: Ի՞նչ եք կարծում, սահմանադրական բարեփոխումը մաքուր մանիպուլյացիա՞ էր: Եվ եթե այդպես է, ինչպես կարող էին շատ վաստակաշատ փորձագետներ և նույնիսկ այնպիսի հարգված կազմակերպություն, ինչպիսին Վենետիկի հանձնաժողովն է, խաբվել նման տարրական մանիպուլյացիայով՝ խրախուսելով սահմանադրական բարեփոխումը որպես ժողովրդավարական զարգացում: Արդյոք նրանք նույնպե՞ս կարծում էին, որ իշխանության ղեկավարի պաշտոնը չստանձնելու նախագահի խոստումը այդպես բացահայտ կերպով չէր խախտվի։

– Ինչպես արդեն նշել եմ մեր նախորդ հարցազրույցում, ակնհայտորեն այդպես է թվում: Եթե ճիշտ եք հիշում, ես համեմատել եմ Սարգսյանին ոչ ազատական ժողովրդավարության այլ «հերոսների»՝ Վենեսուելայի Չավեսի կամ Էկվադորի Կոռռեայի հետ։ Ինձ համար միանգամայն ակնհայտ էր, որ նման բան կարող է տեղի ունենալ նաև Հայաստանում:

Հանուն արդարության, մենք չպետք է մեղադրենք Վենետիկի հանձնաժողովին կամ այլ հեղինակավոր կազմակերպությունների: Նրանք պարզապես գնահատեցին ինստիտուցիոնալ բարեփոխումների իրավական և քաղաքական հետևանքները, և նրանք ճիշտ էին: Չնայած որոշ անհամապատասխանություններին, Խուան Լինցի ազդեցիկ ուսումնասիրություններից հետո պառլամենտարիզմը համարվում է ժողովրդավարության ամրապնդման համար նվազ վտանգավոր։ Ես անձամբ ուսումնասիրություններ եմ արել թեմայի վերաբերյալ՝ ցույց տալով, թե ինչպես պառլամենտարիզմը ceteris paribus` այլ հավասար պայմաններում, նպաստում է կուսակցության և կուսակցական համակարգի ինստիտուցիոնալիզացմանը։ Բայց եթե քաղաքական էլիտաները ցանկանում են աղճատել ինստիտուտները,- նայեք Լեհաստանի, Հունգարիայի, Կատալոնիայի ներկայիս օրինակներին,- ապա շատ բան չի կարելի անել: Քանի որ, ինչպես հայտնի է Վեյմարյան Հանրապետության օրինակներից, նույնիսկ ամենակատարյալ սահմանադրությունը կարող է հանգեցնել բռնապետության:

– Հայաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում ստեղծված բողոքի հզոր ցույցերը Ձեզ համար անակնկա՞լ էին։ Ինչպե՞ս կարձագանքեր հանրությունը քաղաքական մանիպուլյացիայի նման բացահայտ դրսևորմանը ձեր երկրում՝ Իսպանիայում՝ բռնապետությունը հաղթահարելու տարիներից հետո։

Բոլորովին զարմացած չեմ։ Հայաստանցիներին հիմարեցրել են, և նրանք պարզապես արտահայտում են իշխանությունների նկատմամբ իրենց հիասթափությունը։ Ինչպես Արևելյան Եվրոպայի բազմաթիվ գունավոր հեղափոխություններն են ցույց տվել, քաղաքացիները կարող են նաև հոգնել կոռումպացված և ոչ ազատական էլիտաներից։

Իսպանիայում, հաշվի չառնելով շատ ակնհայտ տարբերությունները, մենք վերջերս հայտնվեցինք նման մի իրավիճակում, երբ Կատալոնիայի կառավարությունը խախտեց ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ կատալոնյան օրենքները: Հանրային արձագանքը Բարսելոնայի փողոցներում խաղաղ ցույցն էր՝ ավելի քան մեկ միլիոն մանակիցներով: Ազատությունը և ժողովրդավարությունը հենց այնպես չեն տրվում։ Պետք է «պայքարել» նրանց համար, նախընտրելի է խաղաղ ճանապարհով:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Ֆեռնանդո Կազալ Բերտոան Նոթինգհեմի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է։ Նրա ուսումնասիրությունների շրջանակում է նաև Հայաստանը։ Դոկտոր Բերտոան Կուսակցությունների և ժողովրդավարության հետազոտման կենտրոնի (Research Centre for the Study of Parties and Democracy) տնօրենն է և Երևանում գործող Ապելլա ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Կարդացեք նաև՝

Հայաստանին պետք է իշխանության, ոչ թե սահմանադրության փոփոխում

Read the article in English

Մեկնաբանել