Սերժ Թանկյանը հուսով է, որ «մոտ ատենից կմիանա Երևանի երիտասարդներին»

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այժմ չի կարող գալ Հայաստան, բայց հուսով է, որ շուտով կկարողանա։ Նա երգ է գրել՝ նվիրված Հայաստանում խաղաղ դիմադրությանը։

«Խելացի կամքի տեր և անուշիկ երիտասարդներ Հայաստանի։ Ես շատ կուզեի ձեզ միանալ Երևանում և այլ քաղաքներում։ Սիրտս և միտք ամբողջովին ձեզ հետ է։ Մինչև հիմա չեմ կարողացած այլանդակ, բայց կարևոր պատճառներով, բայց կհուսամ, որ մոտ ատենից կկարողանամ»,- իր տեսաուղերձում հայերեն ասում է  Թանկյանը։

Իսկ Ֆեյսբուքում նա գրել է․

«Թվում է, թե Հայաստանում իմ ներկայության հարցը մեծ իրարանցում է առաջացրել։ Ներողություն եմ խնդրում դրա համար, թեև իսկապես ոչինչ չեմ կարող անել։ Փողոցի երիտասարդներն են միայն, որոնց ես վստահում եմ Հայաստանի ապագան, և միայն իմ կայքերից կարող եք հավաստի իմանալ իմ գործողությունների մասին։ Ես այս վիդեոն գրել եմ նախորդ գիշերը։ Այն նվիրված է ձեզ՝ Հայաստանի խաղաղ դիմադրությանը։ #armeniaprotest #yerevanprotest»։

Ավելի վաղ Հայկական ժամանակը հաղորդել էր, թե Թանկյանը ժամանում է ապրիլի 22-ի առավոտյան։