Սերժ Սարգսյանն արձագանքել է Լույս հիմնադրամի կրթաթոշակառուների մտահոգությանը

Վարչապետ Սերժ Սարգսյանն արձագանքել է Լույս հիմնադրամի կրթաթոշակառուների բաց նամակին, որում նրանք մտահգություն էին հայտնում Հայաստանի ժողովրդավարական ապագայի վերաբերյալ։ Լույս հիմնադրամի՝ աշխարհի լավագույն համալսարանների կրթաթոշակառուները բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով նրան հավատարիմ մնալ խոստմանը և չզբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ «իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է»: Նամակը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին»։

Սիրելի՛ «Լույս»-ականներ,

Ծանոթանացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:

Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։

Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին։

Մեկնաբանել