LIVE Blog. ապրիլի 23

Ապրիլի 22-ին շարունակվեցին դեռ ապրիլի 13-ին սկսված ցույցերը Սերժ Սարգսյանի վարչաետության դեմ։ Ապրիլի 22-ին Մարիոթ հյուրանոցում տապալվեցին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որից հետո բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը, բերման ենթարկվեցին մինչև երեք հարյուր քաղաքացիներ։ Երեկոյան ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ այս օրերի ամենաբազմամարդ հանրահավաքը։ Հետևեք ՈՒՂԻՂ տեսաեթերին։ Ապրիլի 22-ի իրադարձությունները՝ այստեղ։

14:11

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ՁՊՎ֊ում, այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի Ֆեյսբուքյան էջից:

Այսօր Աժ֊ում նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հետաձգվել է։

Այսօր երեկոյան 7֊ին նոր թափով հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։

14:05

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել երթի մասնակիցների շարքերում հայտնված զինվորական հագուստով քաղաքացիների մասին: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ նրանք խաղաղապահ բրիգադի զինծառայողներ են և պատասխանատվության կենթարկվեն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը և այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում»,- ասվում է հաղորդագրությունում:

13:25

Ելույթ է ունենում Քաղաքացիական պայմանագրի անդամ Լենա Նազարյանը։

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում։

Ժամը 19։00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։

Պահանջում ենք ազատ արձակել երեք պատգամավորներին։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Լենա Նազարյանին առաջարկել է կլոր սեղանի շուրջ նստել, բայց պայմանով, որ երթերը դադարեն։ Լենա Նազարյանը կտրուկ մերժել է այս առաջարկը և ասում է, որ իրենց նախաձեռնությունից ոչ ոք նման կոչ չի անում։

13:15

Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ որոշում կա` դիմելու գլխավոր դատախազությանը՝ հետ կանչելու երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։

Կարապետյանը նաև հավելեց, որ պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների՝ որևէ լուծում գտնելու համար:

12:54

«Ինչքանով ես տեղեկացված եմ, Փաշինյանը հայտնի է, փաստաբանը ներգրավված է»․ Դավիթ Հարությունյան

12:47

Նիկոլ Փաշինյանի կոչը

Երևանը և Հայաստանը պարալիզացված են։ Հազարավոր քաղաքացիներ դիմել են գործադուլի և դասադուլի։ Բողոքի երթեր են տեղի ունենում Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում։

Կանգնել, կանգնել, կանգնել։

Հանրահավաքը երեկոյան 7֊ին Հանրապետության հրապարակում։

12:42

12։38

ՈՒՂՂՈՒՄ․ ոչ թե Դավիթաշենից, այլ Մայրաքաղաքային գնդից։

12:25

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ Դավիթաշենի զորամասից դուրս են գալիս զինծառայողներ՝ միանալու ցուցարարներին։

12։00

Ոստիկանների բռնությունը՝ Բժշկական համալսարանի դասադուլավոր ուսանողների դեմ։

11։53

Երեկ ձերբակալված Վարագ Սիսեռյանի մայրը՝ Վերա Սիսեռյանը գրում է, որ Էրեբունի բանտում տեղ չկա, գնում են Եղվարդի բանտ տեսակցելու Վարագին և նրա քրոջ ամուսնուն։

11։52

Գորիսը նույնպես միացավ դասադուլին։ Այս պահին` Գորիսում։

11։47

Բողոքի ակցիա՝ Գլենդելում։

11։30

Բողոքի ցույց՝ Լաս Վեգասում

11։28

Օգտատերերից մեկը հայտնում է, որ ոստիկանները փակել են Թաիրովի փողոցը և չեն թողնում, որ մարդիկ Արմավիրի մարզից գան Երևան։

11։20

Վանաձորից հայտնում են, որ Վանաձորում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել։ Ոստիկանությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը։

11։15

Պաշտպանության նախարարը հույս ունի, որ բանակի ներգրավվածության կարիք չի լինի․ Վիգեն Սարգսյան

11։11

«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարում է.

Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը՝ 11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մինչև սույն հաղորդագրության հրապարակման պահը՝ սույն թվականի ապրիլի 23-ը՝ ժամը 10:00-ն, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից կամ գործընկերներից որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդհոդվածի 3-րդ մասի. «Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`

(…)

5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման»:

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի 1-ինհոդվածի համաձայն՝

«1. Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման:

2. Ոչ մի բացառիկ հանգամանք` պատերազմական իրավիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական ճգնաժամային իրավիճակ, չեն կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար»:

Նույն կոնվենցիայի 2-ինհոդվածի համաձայն՝

«Սույն Կոնվենցիայի նպատակների համար բռնությամբ անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված ձերբակալումը, կալանավորումը, առևանգումը կամ ազատազրկման ցանկացած այլ տեսակ, որին հետևում է ազատազրկման փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս»:

Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ հետաքննելու համար 2-րդ հոդվածում նշված գործողությունները, որոնք կատարվել են անձանց կամ մի խումբ անձանց կողմից` առանց պետության թույլտվության, աջակցության կամ լուռ համաձայնության, և պատասխանատուներին հանձնելու համար արդարադատությանը»:

Վերոնշյալից բխում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվում է ՀՀ քաղաքացու Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և միջազգային պայմանագրերով նախատեսված հիմնական իրավունքները, ինչն անհամատեղելի է իրավական պետությանը բնորոշ սկզբունքներին և արժեքներին:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ Նիկոլ Փաշինյանի հնարավորություն տրամադրել իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին: Միաժամանակ պահանջում ենք պետական մարմիններից պատասխանատվության ենթարկել մարդու և քաղաքացու վերը նշված հիմնական իրավունքների խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց:

10։54

Դանիել Իոաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում

«Ինձ տվեք դպրոցի անուն, որտեղ հենց հիմա ծնողներին փորձում են նեղել և ես կուղևորվեմ այնտեղ (ցանկալի է Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր կամ Կենտրոն): Դպրոցների կեղտոտ տնօրենների հետ մենք առանձնակի սեր ունենք»:

10։27

Արայիկ Հարությունյան, Քաղաքացիական պայմանագիր

«Դպրոցական երեխա ունեցող հարգելի ծնողների համար… ԿԱՐԵՎՈՐ

Գիտեմ, որ տնօրենները զանգում ու ասում են՝ եկե՛ք, երեխաների բացակայության համար գրավոր բացատրություն գրեք։ Դուք պարտավոր չեք դա անել, բացատրագիրը պետք է հենց իրենց, որ քաղաքապետարանից չգան հերներն անիծեն դասադուլների համար։ Որևէ բացատրագիր մի գրեք։ Ձեր երեխան պետք է առնվազն երեք շաբաթ անհարգելի բացակայի, որպեսզի քննություն նշանակեն, իսկ հեռացումը կարող է լինել 7 շաբաթ բացակայությունից հետո ։) Նենց որ՝ հանգիստ հեռուն ուղարկեք Ձեզ անհանգստացնողներին։

Հարգանքով՝ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Տարածեք, որ բոլորն իմանան»։

10։25

Դասադուլավոր ուսանողներին միանում են Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները ևս։

10:20

Սասունիկ գյուղում փակել են ճանապարհը։

10։15

Աբովյան փողոցը ստանում է ճերմակ երանգ. բժշկական համալսրանի ուսանողներըն իրենց սպիտակ մասնագիտական հագուստով միացել են դասադուլին։

10։05

Դասադուլ Կոթի գյուղում։

9։52

Աշտարակում դասադուլ է։

9։49

Բժշկական համալսարանի ուսանողները երթով շարժվում են Աբովյան փողոցով։

9:45

Բժշկական համալսարանի և մանկավարժական համալսարանի ուսանողները դասադուլ են անում։

9:32

Երեկ Անահիտ Բախշյանը հրաժարվել է 2011թ․ սեպտեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի ստորագրությամբ ստացած Մխիթար Գոշ մեդալից։ Այսօր փոստով ուղարկելու է Բաղրամյան 26։

9:20

Երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել Լիբանանում ՀՀ դեսպանության առաջ։

9:15

Դասադուլ Աշտարակում։

9:00

Փաստաբան Ռուստամ Բադասյան

«Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ:
Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ»:

8:45

ՀՀ ԱԺ խոսնակ Արսեն Բաբայան

«Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»:

8:30

Ապրիլի 22-ին բողոքի ցույց՝ Բարսելոնայում։

Մեկնաբանել