Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը գաղտնի պահելը Սահմանադրության կոպիտ խախտում է․ փաստաբան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարազատներն ու փաստաբանները տեղյակ չեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ։ Փաշինյանը ձերբակալվել է երեկ՝ ապրիլի 22-ին Էրեբունիում։ Երեկ հաղորդվեց, որ Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, ավելի ուշ հաղորդվեց, որ նա տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որ սա Սահմանադրության և մի շարք նորմերի խախտում է։

«Անկախ նրանից, թե անձը ինչ կարգավիճակ ունի՝ պատգամավոր է, թե հասարակ քաղաքացի, եթե անձի նկատմամբ որոշում է կայացվում նրան ձերբակալելու, ապա առաջնահերթ նա խետք է իրավունք ունենա տեղեկացնելու իր ազգականներին գտնվելու վայրի մասին»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ շուրջ կես ժամ առաջ զրուցել է Փաշինյանի գործով քննչական խմբի ղեկավար Վազգեն Ավետիսյանի հետ, ով չի տեղեկացրել, թե որտեղ է գտնվում պատգամավորը։

Փաստաբանը Փաշինյանին փնտրում է երեկվանից, սակայն ապարդյուն. «Սա մարդու պաշտպանության ակնհայտ խախտում է, քանի որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի պաշտպան ունենալ, շեշտում եմ՝ Սահամանդրության կոպիտ խախտում է»։

Բաղդասարյանի խոսքով՝ եթե այս իրավիճակը շարունակվի, ինքը ստիպված է լինելու դիմել միջազգային ատյաններին՝ խնդրի հանգուցալուծման համար։

Հարցին, թե արդյոք Հայաստանում նման նախադեպ արձանագրվել է, փաստաբանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ, ցավոք ցրտի իրավապահներն այսօր աճպարարության են դիմում, դեզինֆորմացիա տարածում Փաշինյանի գտնվելու վայրի մասին, որ փաստաբանները հնարավորություն չունենան ներգրավվել գործում»։

Նիկոլայ Բաղդասարյանին հաջողվել է պաշտոնապես՝ որպես ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի պաշտպան, սակայն նրա իրավունքների պաշտպանելիս նույնպես իրավապահները խնդիրներ են հարուցում. «Այս պահին զանգ եմ տալիս քննիչներին, փորձում եմ հասկանալ, թե որտեղ է նա գտնվում, սակայն նորից ոչ մի տեղեկություն չեն տալիս։ Վերջին անգամ մենք բաժանվել ենք Շենգավիթի բաժանմուքում, սակայն այսօր անընդհատ զանգեր եմ կատարում, փորձում եմ հասկանալ, թե արդյոք նա ձերբակալված անձանց պահման վայրում է, սակայն ինչպես հասկանում եմ, նա ՁՊՎ-ում [ձերբակալվածների պահման վայր] չէ։ Քննիչներն այնպիսի պահվածք են դրսևորում, թե չգիտեն իրենց վարույթում գտնվող անձն ուր է։ Սա աբսուրդ է, նման բան չի կարող լինել»։

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Մեկնաբանել