ԱԱԾ տնօրենը խոհեմության և զգոնության կոչ է անում

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար, Արմենպրեսի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը։

«Ցավոք, վերջին իրադարձությունների և դրանց հրապարակային ու քողարկված դրդա­պատ­­ճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետևողական փորձ է արվում խախ­­տել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխա­նու­­թյանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ՝ պետության հիմքերին։

Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակվող օպե­րատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվող տեղեկատվությունը հիմք է տա­լիս եզրահանգումներ կատարելու, որ մեր քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու ընթացքին զուգահեռ պետության հիմքերը թուլացնելու և քայքայելու նպատակներ հետապնդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարբեր ուժեր, անհատներ և խմբա­վորումներ ակնկալում են կյանքի կոչել մեր ինքնիշ­խա­նությանը, պե­տա­կան սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված իրենց ստոր ծրագրերը։ Չեմ վարանում հրապարակային նման մեկնաբանություն տալ այդ ծրագրերին, քանի որ դրանց իրականացման նպատակով փորձ է արվում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ սերմա­նել բացահայտ թշնամություն, ատելություն, անհանդուրժողականություն, որի հետևանքները հնա­­րա­վոր չի լինելու կարճ ժամկետում չեզոքացնել, և տևական ժամանակ մենք, մեր երեխա­ներն ու ամբողջ ժողովուրդը ստիպված ենք լինելու ապրել փոխադարձ անվստահության, անհանգստության ու անկայունության պայմաններում։

Նման ծրագրերին չեմ վարանում հրապարակային այդպիսի գնահատականներ տալ նաև այն պատճառով, որ առանձին անձինք և խմբավորումներ, ցանկանալով օգտվել ստեղծված իրա­վիճակից, փորձում են հանրորեն վտանգավոր արարքների միջոցով էլ ավելի բարդացնել իրա­վի­ճա­կը, ավելին՝ իրենց ծրագրած բռնի գործողությունների միջոցով հանրապետությունում տարա­ծել վախի մթնոլորտ։

Առավել մտահոգող հաջորդ դիտարկումը մեր հակառակորդի կողմից հան­­րապետության պաշտպանունակության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման միտումներն են։

Վերոհիշյալ հանգամանքների համակցությունն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հիմք է տվել մտահոգություն հայտնելու, որ ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։

Որպես հայ, զավակ և ծնող՝ խոհեմության և համերաշխության կոչ եմ անում, բայց նաև որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, զգուշացնում եմ, որ «պղտոր ջրում ձուկ որսացող» որևէ մեկը, նորից եմ կրկնում՝ առանց բացառության, ոչ ոք անպատիժ չի մնալու, այդպիսի ցանկացած անձի յուրաքանչյուր արարք ստանալու է օրենքի ողջ ծավալով համարժեք գնահատական։

Միաժամանակ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացիներն ունեն այնքան խոհեմություն, որ իրենք էլ կարող են ճիշտ եզրահանգումներ կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու և մեր Հայրենիքը քաոսի չվերածելու լավագույն ու կշռադատված լուծումների վերաբերյալ»։