Նիկոլ Փաշինյանի ասուլիսը միջազգային ԶԼՄ-ների հետ․ հիմնական մտքերը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ասուլիս տվեց միջազգային լրատվամիջոցների համար։ Փաշինյանը միջազգային լրագրողներին պատասխանում էր անգլերենով և ռուսերենով։ ՍիվիլՆեթը առանձնացրել է ասուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առավել ուշագրավ մտքերը։

Իշխանության փոխանցման շուրջ առաջիկա բանակցությունների օրակարգի մասին

Մեր օրակարգը շատ պարզ է։ Առաջին կետը, որ վերաբերում էր Սերժ Սարգսյանի հրաժարականին, կատարված է։

Երկրորդ կետը, որ ես ցանկանում եմ պնդել, ՀՀԿ-ի ներկայացուցիչը չի կարող լինել վարչապետ կամ վարչապետի թեկնածու։ Թեկնածուն պետք է լինի ժողովրդի թեկնածուն, հեղափոխության թեկնածուն։ Հուսով եմ, որ իշխող կուսակցությունը և հրաժարական տված կառավարությունը կհասկանան, որ ընդդիմանալու իմաստ չկա։ Հանրապետական կուսակցությունը և հրաժարական տված կառավարությունը չպետք է փորձեն պահել իշխանությունը։

Բանակցությունների միակ առարկան կարող է լինել իշխանության խաղաղ և անցնում փոխանցումը։

Հայաստանում Հանրապետական կուսակցության ժամկետը ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու ցանկացած փորձ ոչ մի բանի չի բերի։

Երրորդ կետը, մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ և արդար ընտրություններ Հայաստանում։ Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ տոտալ կերպով սկսեցին չվստահել ընտրությունների արդյունքներին։ Առաջին բանը, որ պետք է անենք, պետք է բարեփոխենք Ընտրական օրենսգիրքը և Քաղաքական կուսակցությունների մասին օրենքը։

Պատրա՞ստ է արդյոք լինել վարչապետ

Եթե ժողովուրդն ինձ վրա նման պատասխանատվություն դնի, ես իհարկե կստանձնեմ այն։ Կա շատ մեծ հավանականություն, որ հենց այդպես էլ կլինի։

Առաջնորդել է ժողովրդին, պատրա՞ստ է արդյոք ղեկավարել կառավարությունը

Այո, մենք պատրաստ ենք մեր երկիրը առաջնորդել դեպի ապագա։ Այսօր մենք խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին։ Կարծում եմ՝ ամենակարևոր և միակ պատասխանատվությունը, որ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա, արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Մեր թավշյա հեղափոխությունը մեծ ներուժ ունի այդ ամենին հասնելու համար։

Մենք կներառենք նաև այլ ուժերի, օրինակ՝ քաղաքացիական հասարակությունից և այլն։

Արտաքին հարաբերությունների մասին

Մենք օտար երկրների հետ որևէ բանակցություն չենք ունեցել՝ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի։ Սակայն դա չի նշանակում, որ մենք փակ ենք բանակցությունների համար։ Ես ուզում եմ պնդել, որ մեր շարժման, հեղափոխության մեջ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա։ Սա զուտ Հայաստանի ներքաղաքական հարց է։ Ես հուսով եմ, որ աշխարհաքաղաքական բոլոր ուժերը հասկանում են դա։

Մենք պատրաստ ենք խոսել Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Վրաստան հարաբերությունների ապագայի մասին։ Այս գործընթացում մեզ համար ամենակարևորը Հայաստանի ազգային շահն է։ Մենք ցանկանում ենք ծառայել Հայաստանի ազգային շահերին, Հայաստանի ժողովրդի շահերին և, ցանկանում եմ ընդգծել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին։

Մենք պաշտպանել ենք, պաշտպանում ենք և պաշտպանելու ենք Հայաստանի և Արցախի ազգային շահը։

Չափազանց կարևորում ենք Հայաստանի հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ։ Մենք պատրաստվում ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի ու Վրաստանի հետ, բայց այդ հարաբերություններից որևէ ուղղության զարգացումը չի լինելու որևէ մեկ այլ ուղղության հաշվին։

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

Հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են, կասկած չկա, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են։ Սակայն դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան։ Այնուամենայնիվ, մեր նպատակն այդ խնդիրները քննադատելը չէ, այլ լուծելը բանակցությունների և քննարկումների միջոցով։

Խնդիր է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները, ինչը տարածաշրջանում խախտում է ուժերի հավասարակշռությունը։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերութուններում չկան անլուծելի խնդիրներ, պետք է համբերատար լինել և դրական տրամադրվածությամբ մոտենալ խնդիրներին։

Քաղաքական այլ ուժերի հետ բանակցությունների մասին

Մենք բաց ենք բանակցությունների համար։ Եթե լավ առաջարկ ստանանք, կքննարկենք այն։

Մենք պատրաստ ենք բոլորի հետ խոսել, որպեսզի լինի իշխանության խաղաղ, անցնցում փոխանցում։ Այն բոլոր ուժերը, որ կաջակցեն դրան, մենք պատրաստ ենք նրանց հետ խոսել։

Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ ժողովուրդը հաղթել է։ Դա նշանակոււմ է, որ ժողովրդի թեկնածուն պետք է դառնա Հայաստանի վարչապետ։ Դա միակ ճանապարհն է, որը կարող է Հայաստանում վերականգնել կյանքի սովորական ընթացքը։

Ժողովրդավարության և ընտրությունների մասին

Ժողովրդավարությունը հնարավորություն է ոչ միայն ընտրելու իշխանություններին, այլև հեռացնելու նրանց՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

Մեր խնդիրն այն է, որ մինչ այժմ ոչ ոք չի հավատում ընտրությունների արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հայաստանցիների մեծ մասը համոզված է, որ բոլոր ընտրությունները այս ամբողջ ընթացքում կեղծված են եղել։

Մեզ համար ժողովրդավարությունը իրական արժեք է և հնարավորություն՝ ընտրել և հեռացնել իշխանությանը։

Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Երբևէ չի եղել, որ որևէ ընդդիմադիր ուժ գա իշխանության ընտրությունների միջոցով։ Մենք դա արեցինք հեղափոխության միջոցով։

Մենք ստիպելու ենք, որ ՀՀԿ-ն խաղաղ ճանապարհով հեռանա և ամբողջապես փոխանցի իշխանությունը։

Ընտրությունները կանցկացվեն ամենակարճ ժամկետում։ Մինչև այդ ընտրությունները պետք է լրջորեն բարեփոխվի Ընտրական օրենսգիրքը, որպեսզի երաշխավորվեն ազատ և ժողովրդավարական ընտրություններ։

Վենդետայի մասին

Վենդետա չի լինելու, լինելու է օրինականություն։

Օրինականությունը, իհարկե, նշանակում է նաև պատասխանատվություն։ Հարցն այն է, որ բոլորը պետք ունենան անմեղության կանխավարկած, այդ թվում քաղաքական հակառակորդները։ Մենք տարբեր մարդկանց մասին շատ բան կարող ենք մտածել և մտածում ենք։ Բայց մտածելը մի բան է, ապացուցելը՝ այլ բան։

Արդարադատությունը, արդար դատաքննությունն այն է, երբ դատապարտվում են նրանք, ում մեղավորությունն ամբողջությամբ ապացուցվում է։

Անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք է գործի 100 տոկոսով։

Շատ կարևոր է, որ բացահայտվեն Մարտի 1-ի մեղավորները։

Մեկնաբանել