Կարեն Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու չի կայանա Փաշինյանի հետ հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման չկայանալու վերաբերյալ։

«Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:

Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այսօր հրավիրած ասուլիսից հետո հայտարարել է, որ առաջարկել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին վաղը նստել բանակցային սեղանի շուրջ 3-3 ֆորմատով:

«Պլանավորված էր, որ վաղը 11։00-ին պետք է շարունակվեին բանակցությունները ՀՀԿ-ի հետ և ես այսօր Կարեն Կարապետյանին, Արա Բաբլոյանին և Վահրամ Բաղդասարյանին առաջարկել եմ, որ բանակցությունները շարունակվեն վաղը 3-3 ֆորմատով, և ՀՀԿ-ից հենց նշված 3 ներկայացուցիչները մասնակցեն քննարկումներին, և հաջորդ պայմանը, որ ամբողջ բանակցությունները տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, ինչով է սա կարևոր, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչի մասին ենք խոսում մենք։ Այս պահի դրությամբ ես ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չեմ ստացել»- նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ժամը 23։00-ի սահմաններում «Մարիոթ Արմենիա» այսօր հանդիպում է ունեցել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Մեկնաբանել