Բողոքի շարժումը շարունակվում է․ ապրիլի 25-ի LIVE Blog

Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ այսօր նախատեսված բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև չեն կայանալու։ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրեց, որ հանրապետական վարչապետ չպետք է լինի. «հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու»։ Այսօր ժամը 11-ին Հանրապետության հրապարակում նա հայտարարեց, որ շարունակում են բողոքի գործողությունները։ Երթեր են սկսվել քաղաքի տարբեր հատվածներում։ Շարժմաը միանալու կամ աջակցությունը վերահաստատելու մասին հայտարարություններ են արել մի շարք քաղաքական ուժեր։ ՍիվիլՆեթը հետևում է իրադարձությունների զարգացմանը։

15:40

Կրեմլի հայտարարությունը

Ռուսաստանը Հայաստանի իրադարձությունները նախկինի պես համարում է այդ երկրի ներքին գործը։ Հույս ունենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան կարգավորել այդ իրավիճակը և մոտ ժամանակում ստեղծել կայուն կառուցվածք և ընդունել կոնսենսուսային որոշում։ Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

15:30

Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա
հայտարարությամբ:

15:25

18.00 «Նեմրա» խումբը համերգ կտա Հանրապետության հրապարակում։

15։10

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ միանում է ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղեկացրել է, որ դա իր անձնական որոշումն է։

«Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: 

Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: 

Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը:
Սա իմ անձնական որոշումն է»:

14:45

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու  խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում:

 ՍԴՀԿ Հայաստանի վարչություն»։

14։30

Կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կոչը

«Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»:

14:00

Էդմոն Մարուքյանը՝ «Ազատությանը»

«Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված ներքին իրադրության կարգավորման համար միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ, և անհրաժեշտ է առկա համակարգի ամբողջական փոփոխություն:

Մարուքյանի խոսքով՝ ներկայումս, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի: «Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն ևս չի հեռանում, որևէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի»,- «Ազատությանն» ասաց Էդմոն Մարուքյանը:

13:14

«ՀՀԿ-ն խաղում է ժամանակի վրա, և ես խորհուրդ եմ տալիս, որ չանեն դա։ Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ և մտածում են, որ ժողովուրդը կմահաձայնի մի հանրապետաանին փոխարինել մյուսով»,- երթի ժամանակ ասաց Փաշինյանը։ 

13:10

Երթը շարունակվում է։ Վանկարկում են՝ «Մերժիր Սերժի Կա-րե-նին»։

12:55

Նիկոլ Փաշինյան

Ժամը 19.00 հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Մերժի՛ր Սերժի Կա-րե-նին։

12:35

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ օլիգարխները փորձելու են խլել հայ ժողովրդի հաղթանակը։

«Հայ եղբայրներ, օլիգարխները փորձելու են խաբել և խլել ձեր հաղթանակը։ Տեղը դրեք նրանց։ Սատարեք Փաշինյանին և պաշտպանեք ձեր շահերը»,- գրել է Սաակաշվիլին։

12։25

Իջևան-Երևան միջպետական ճանապարհը փակ է։

11։30

«Պարմա» սուպերմարկետի աշխատակիցները գործադուլ սկսեցին։

11:05

Նիկոլ Փաշինյան

«Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։

Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ»։