Ծանր Աշխատանքը Հիմա է սկսվելու. Վահան Զանոյեան

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը հարկավոր էր որպես պայման, բայց ոչ բավարար՝ երկիրը առաջնորդելու հանդարտ և բարգավաճ հունով։

Հարկավոր՝

Որովհետև իշխող համակարգը անկարող էր (և դեռ է) իրականացնելու այն արմատական և լրացուցիչ (consequential) բարեփոխումները, որոնց կարիքը արդեն վաղուց դարձել է հրատապ։ Այս անկարողությունը բխում է այն իրողությունից, որ իշխող համակարգի և մենաշնորհային համակարգի փոխադարձ կախվածությունը այնքան խարսխված ու ամրապնդված է, որ ինքնա-բարեփոխումներ կիրառելը անհնարին է։

Ոչ-Բավարար՝

Որովհետև Հայստանի ներկայիս անկայունությունը շատ ավելի խոր արմատներ ունի քան Սերժ Սարգսյանի պատասխանատւությունը այս հարցում։ Այն ընտրությունների, ինչպես նաև բոլոր մակարդակների վրա տեղի ունեցած օրինախախտումների արդյունք էր, ինչի հետևանքով, սահմանադրականորեն անթերի և օրինավոր ձևով ընտրված վարչապետը, ժողովուրդի առջև չուներ լեգիտիմություն։ Ներկայիս համակարգի օրինականությունը չէ՛ր, որ հարցականի տակ էր դրվել Երևանի փողոցներում, այլ իր բարոյավարկը (credibility)։

Թե՛ իշխող համակարգը և թե՛ քվեարկող հասարակությըւնը մեղք և պատասխանատուութուն ունեն այս իրողության մեջ։ Իշխող համակարգը—և մասնավորապես Հանրապետական Կուսակցությու՛նը—շարունակաբար չարաշահել է իր վերահսկողության տակ եղած լծակները և միջամտել է ընտրական գործընթացին՝ ընդհանրապես այն ուղղելով ի նպաստ իր շահերին։ Միևնույն ժամանակ՝ քվեարկող հասարակաթունը ընդհանրապես չէր կարողացել խուսափել իր ձայնը ծախելու գայթակղությունից և սպառնալիքների առջև տեղի տալու թուլությունից։ Այս բոլորի արդյունքը պարզ էր։ Ոչ-ներկայացուցչական, գործարար, անձնական շահերից մղված խորհրդարան՝ որ պատասխանատվություն չէր զգար ոչ ոքի առաջ, ներառյալ իր իսկ ըտրազանգվածի հանդեպ։ Ժողովուրդը, Սերժին մերժելով, այդ խորհրդարանն էր մերժում։

Այս բոլորից միայն մեկ հստակ եզրակացություն է կարելի քաղել։ Հայաստանի թե՛ քաղաքական և թե՛ քաղաքացիական համակարգը (բառերի ամենալայնապարփակ առումով, ներառյալ՝ քաղաքացիների մտածելակերպը և մոտեցումը կառավարման չափանիշների հանդեպ), պետք է ենթարկվի հիմնական և համապարփակ վերակառուցման։ Խորհրդարանական նոր ընտրությունների կոչը երկրորդ հարկավոր անկյունաքարն է։ Սակայն պետք է նաև գիտակցել որ թե՛ ներկայիս իրավիճակը և թե՛ առաջադրված լուծումը հանդիպելու են ներքին և արտաքին լուրջ վտանգների։ Հիշենք այդ վտանգներից մի քանիսը։

Ներքին վտանգները կապված են մտածելակերպի և մոտեցումի ոչ-ամբողջական հեղաշրջման հետ։ Օրինակ, քաջալերելի էր երիտասարդության և մանավանդ ուսանողների զանգվածային մասնակցություւնը այս ցոյցերին։ Սակայն արժե այսօրանից իսկ հետևյալ հարցը դնել սեղանին —արդյո՞ք այդ նույն ուսանողները, որոնք ողողել էին Երևանի փողոցները, ճգնաժամը հաղթահարելուց հետո, պիտի վերադառնան հին գործելակերպին։ Պիտի փորձե՞ն կաշառքով ընդունվել համալսարան. պիտի փորձե՞ն կաշառքով քննություններ հանձնել ու ավարտել դպրոցը։ Եթե այո՝ հիմնովին շատ բան չի փոխվելու, նոյնիսկ վարչապետի հեռանալով։ Պարզապես կվերադառնանք նույն փտած համակարգին, ուրիշ առաջնորդների ղեկավարությամբ։

Ավելի մեծ ներքին վտանգը, նույն ընդհանուր մտավախությունից բխող՝ նոր ընտրությունները նախորդների նման կեղծելու հարցն է։ Ընտրությունները պիտի լինեն ազատ և արդար։ Հայաստանում, առանց բացառության, արդի ոչ մի ընտրություն ազատ չի անցել և վարչապետի հրաժարականը ինքնին երաշխիք չի կարող լինել, որ հաջորդ ընտրությունները հանկարծ կլինեն ազատ և արդար։ Ո՞րքանով է փոխված քվեարկող հասարակության մտածելակերպը։ Քվեարկող քաղաքացին պիտի կարողանա՞՝

–Իր ձայնը չվաճառել, նոյնիսկ եթե դա կնշակի պաշտոնազրկվել։

–Իր ձայնը չվաճառել, նոյնիսկ եթե դա կնշանակի կորցնել շատ պետք եղած 20,000 դրամի ընտրակաշառքը։

–Իր ձայնը չվաճառել, նոյնիսկ եթե դա կնշանակի, որ ընտանիքը սոված է մնալու։

–Իր ձայնը չվաճառել, նոյնիսկ եթե դա կնշանակի ընկերական շրջապտից մեկուսացում։

–Այլ խոսքով, միջին քվեարկող քաղաքացին պիտի կարողանա՞ միայն ու միա՛յն իր խղճով առաջնորդվել քվեարկելիս։

Եթե այս հարցադրումների պատասխանները դրական են, ապա Հայաստանը կմտնի քաղաքական և տնտեսական հասունության բոլորովին նոր փուլ։ Այլապես, անկրկնելի առիթ կկորցնենք և կվերադառնանք հին համակարգին։

Երկու խոսք էլ արժե ասել արտաքին վտանգների մասին։

Թշնամին արդեն իսկ վիրավոր եղնիկի հոտը առած շնագայլի պես իր զորքերը կուտակում է մեր սահմանին։ Վտանգը անկասկած որ իրակա՛ն է։ Բայց այդ իրական և մահացու վտանգը կարող է նաև չարաշահի Սերժին հաջորդող իշխող համակարգը։ Եթե հանկարծ նոր Ապրիլյան Պատերազմ սկսվի, մենք հավանաբար կտուժենք երկու ճակատներում միաժամանակ։ Առաջինը՝ նոր պատերազմի հետ կապված մարդկային և նյութական կորուստներն են։ Իսկ երկրորդը, և հավանաբար ավելի կարևորը՝ ներքին բարեփոխումների առաջնահերթության անտեսման վտանգն է։

Երկրորդ արտաքին վտանգը Ռուսաստանի կողմից է։ Կասկած չկա, որ գերտերությունների և հատկապես Ռուսաստանի հավակնությունները մեծ դեր են խաղում Հայաստանի անձուդարձների մեջ։ Ի՞նչ է Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի այս իրադարձությունների վերաբերյալ։ Ի՞նչպիսին են Արևմուտքի տրամադրությունները։ Հայաստանի քաղաքական ապագան մնում է հզոր արտաքին ուժերի ազդեցության տակ՝ նոր առաջնորդնրից պահանջելով բարձրագույն մակարդակի դիվանագիտական հմտություն ։

Վահան Զանոյեան

Ապրիլ 23, 2018

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Մեկնաբանել