ՀՀԿ-ի օրակարգը «բանակցելով՝ ճգնաժամից դուրս գալն է», բանակցողը՝ Կարեն Կարապետյանը

«Մեր օրակարգն է մեկս մյուսիս լսելով, բանակցելով՝ դուրս գալ այս ճգնաժամից»․ այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք ունենք թիմ, որը պետք է ունենա միասնական դիրքորոշում, և թիմի անունից բանակցելու է Կարեն Կարապետյանը։ Կքննարկենք, կասենք։ Հանրապետական կուսակցությունն առաջնորդվելու է երկրի ներքին կայունություն ապահովելու, առճակատման չգնալու, պետական շահն ու անվտանգությունը առաջնային դիտարկելու շահով։ Նույնն ակնկալում ենք բոլոր կողմերից՝ առանց բացառության։ Իսկ բանակցությունները պահանջում են մի բան՝ ամեն ինչ կամերաների առջև չի ասվում։ Դրա համար ես ձեռնպահ կմնամ շատ բան ասելուց»,- նշեց Շարմազանովը։

Նա հավելեց, որ բանակցությունները կարող են մեկնարկել ցանկացած պահի։ 

«Կարեն Կարապետյանը մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, և մենք վստահում ենք նրան»,- ասաց Շարմազանովը և կարևորեց «տետ-ա-տետ բանակցությունները»։

«Եթե հնարավոր են բանակցություններ երկու ընդդիմադիր գործիչների միջև (Նիկոլ Փաշինյան և Գագիկ Ծառուկյան – ՍիվիլՆեթ), ինչո՞ւ հնարավոր չեն տետ-ա-տետ բանակցություններ իշխանության և ընդդիմության մի հատվածի միջև»,- հարցադրում արեց Շարմազանովը։

«Իշխող Հանրապետականը միաձա՞յն է քվեարկելու մայիսի 1-ի ընտրություններում» հարցին ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ երեկվա նիստից հետո տարածած հայտարարությունից Սերժ Սարգսյանի մեջբերումով․ «Ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ»։