Եթե վարչապետի պաշտոնում ընտրվի հանրապետական, ճգնաժամը չի հարթվի. Փաշինյան

Ժողովրդի հաղթանակը պետք է ամրագրվի նաև իրավաբանորեն․ այսօր «Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջազգային լրագրողներից մեկի հարցին։

«Հարցն այն է, թե արդյոք Հանրապետական կուսակցությունը ցանկանում է կարգավորել այս ճգնաժամը,- ասաց Փաշինյանը։ – Եթե վարչապետի պաշտոնում ընտրվի հանրապետական, ճգնաժամը չի հարթվի, քանի որ մենք շարունակելու ենք մեր գործողությունները, խաղաղ ցույցերը և փորձելու ենք բացատրել հանրապետականներին, օրինակ՝ Կարեն Կարապետյանին, որ չի հասկանում հայաստանյան քաղաքական իրադրությունը»։

Փաշինյանի խոսքով՝ եթե Կարեն Կարապետյանը «վստահ չէ իր բանակցային ուժերին հայրենիքի ներսում, ինչպե՞ս է հետագայում բանակցելու օրինակ ղարաբաղյան բանակցությունների սեղանի շուրջ»։

Անդրադառնալով ռուսաստանյան արձագանքին ու դերակատարությանը՝ նա ասաց, որ կարծում է՝ «Ռուսաստանի Դաշնությունը, որպես պետություն, որը հարգում է միջազգային իրավունքը, չի միջամտում ՀՀ ներքին գործերին»։ Նա հավելեց, որ համաժողովրդական այս շարժումը «չունի աշխարհաքաղաքական համատեքստ»։

Հարցին, թե ինչո՞ւ էին հայ պաշտոնյաները մեկնել Մոսկվա, Փաշինյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի․ «թերևս հասկանում են, որ երկրի ներսում որևէ աջակցություն չունեն և ցանկանում են ստեղծել տպավորություն, որ աջակցություն են վայելում այլուր»։

«Որտե՞ղ եք լինելու մայիսի 1-ին՝ հրապարակո՞ւմ, թե՞ ԱԺ-ում» հարցին, ինչպես նաև մանդատների անբավարարության մասին հարցադրմանը Փաշինյանը պատասխանեց․ «Մենք ունենք գլխավոր մանդատը՝ ժողովրդի»։

«Ծառուկյան» դաշինքի և Հայ հեղափոխական դաշնակցության ակնկալվող քվեարկության մասին հարցին Փաշինյանը պատասխանեց, որ ակնկալում է՝ այդ ուժերը «հստակ հայտարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել»։

Հանրապետականների քվեարկության մասով ժողովրդական շարժման առաջնորդը կարծում է, որ իմաստ ունի՝ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն և քաղաքացիները նրանց հետ կապ հաստատելու և այդ թեմայի շուրջ խոսելու հնարավորություն ունենան։ Նա հույս ունի՝ մոտակա օրերին կհրապարակվեն պատգամավորների հեռախոսահամարներն ու «ինչու ոչ՝ հասցեները»։

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին ավելի վաղ հրավիրել էր «Մարիոթ»՝ բանակցությունների, սակայն վերջինս մերժել է այդ առաջարկը։

Մեկնաբանել