ՀՅԴ-ն պատրաստակամ է առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) ապրիլի 27-ին կրկին հայտարարություն է տարածել Հայաստանի ներքղաքական վիճակի վերաբերյալ։

«Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.

մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր:

Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

ՀՅԴ-ն ապրիլի 25-ին հայտարարել էր իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայից դուրս գալու մասին, ինչին հետևեցին դաշնակցական նախարարների ու պաշտոնյաների հրաժարականները։