Սամվել Ֆարմանյանը կցանկանար, որ ՀՀԿ ֆրակցիան միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, որ մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրությանն ինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին։

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Մայիսի 1-ին ընտրելու ենք վարչապետ: Գուցեև այդ ընտրությունը լինելու է պատգամավորական իմ ողջ գործունեության ամենակարևոր քվեարկությունը: Մեր ներքին՝ ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Շա՜տ բան կարող եմ անել; Բայց մի բան՝ երբեք. իմ արժանապատվությունը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առևտրի մեջ չեմ մտնի, մեր կոլեկտիվ որոշումներից չեմ <<թռնի>>: Հիմա դուք ի՞նչ եք ուզում անել՝ նոր ուրացողնե՞ր եք կերտում: Ա՜խր, սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպված եք լինելու դեն նետել: Ես կարող եմ ամբողջ ուժով համոզել ՔՊ-ի իմ գործընկերներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա համոզել իմ բարեկամ Արարատ Միրզոյանին ծլկել Վանաձորի այսօրվա հանրահավաքից»… 

«Եկեք ֆրակցիա հանդիպման, պարո՛ն Փաշինյան, եկե՛ք գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Նրանք արդեն իսկ պետք եղածից շատ են ու լիուլի բավարար՝ Ձեր կյանքն ապագայում հարամելու համար: Եկեք օգնեք ինձ՝ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն Ձեր օգտին քվեարկելը: Եկե՛ք առանց պայմանավորվելու, առանց զգուշացնելու, եկե՛ք առանց վուվուզելների, եկե՛ք գործընկերների մոտ ու ոչ թե թիրախների: Եկե՛ք»: