Արարատ Միրզոյանը ողջունում է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի դիրքորոշումը

Ազգային ժողովի պատգամավոր, ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն արձագանքել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառմանը։

«Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների և ողջ աշխարհի։

Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։

Մի քանի ճշգրտում. միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրու Վահրամ Բաղդասարյանին, հարցրու Գագիկ Մինասյանին և այլոց։

Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։

Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի՛ վախեցեք և նրանց ահաբեկիչներ մի՛ անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվե՛ք, ինչպես կասեր դասականը, գժուկներ։

Եղբայրաբար՝

Քո ուսանողական ընկեր Արարատ»։

Սամվել Ֆարմանյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ ՀՀԿ ֆրակցիայի նիստում հանդես է գալու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին և համոզելու է իր կուսակցական գործընկերներին՝ միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին։

Նա նաև ասել էր, թե Փաշինյանը խուսափում է հանդիպել իրենց խմբակցության պատգամավորների հետ։։

Մեկնաբանել