Արտաքին գործոնի շահարկումը անհեռանկար է և վտանգավոր․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում Ռուսաստանի դերի և շահերի շուրջ շահարկումներին։

Իր ֆեյսբուքյան էջում Օսկանյանը նշում է, որ չի կարելի շահարկել արտաքին գործոնը ներքաղաքական գործընթացներում։

«Առհասարակ, Հայաստանում հարցերը լուծելու համար արտաքին գործոնի շահարկումը, հատկապես այս օրերին, նեղմիտ, անհեռանկար և վտանգավոր երևույթ է։

Բարեբախտաբար, հայաստանյան այսօրվա փողոցը նշանակություն չի տալիս դրան, և ես համոզված եմ, որ այդ շահարկումները որևէ ազդեցություն չեն ունենալու առաջիկա օրերի իրադարձությունների վրա։

Հայաստանի բոլոր իշխանությունները՝ նախկին, թե ապագա, անկախ իրենց աշխարհայացքից, ունակություններից, Ռուսաստանի շահերի ընկալումից, քծնողական հակումներից, գիտակցել և գիտակցելու են Ռուսաստանի հետ բարեկամական և խորքային կապերի ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։

Ես կարող եմ վստահեցնել, որ արտաքին քաղաքականության ասպարեզում Ռուսաստանը երբեք չի թելադրում ինչ անել կամ չանել։ Նա պարզապես լռելյայն ակնկալում է գործընկերների նրբանկատությունն իր ազգային շահերի հարցում։

Ուստի Հայաստանի իշխանությունների միջև տարբերությունը, ինչպես նաև խնդիրն ու մարտահրավերը կարող է լինել այն, թե Ռուսաստանի շահերի նկատմամբ նրբանկատության ինչ սահմաններ են նրանք դնում իրենց համար։ Եթե այդ սահմանները շատ լայն են, դու քեզ դնում ես անհարկի կախման մեջ և էապես նվազեցնում անկախ արտաքին քաղաքականություն վարելու և Հայաստանի շահերը հետապնդելու հնարավորությունները։

Եթե այդ նրբանկատությունը նվազագույն սահմաններում է, ապա Ռուսաստանի հակազդեցությունը չառաջացնելով հանդերձ՝ կարողանում ես արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել։ Այս պարագայում դու ոչ միայն չես նեղացնում Ռուսաստանին, այլև ունենում ես նրա ավելի մեծ հարգանքն ու վստահությունը։

Համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները կգտնեն խելամիտ սահմանը։

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-ին Գյումրիում բազմահազարանոց հանրահավաքին արձագանքեց արտաքին քաղաքական հնարավոր շրջադարձի շուրջ շահարկումներին՝ նշելով, որ աշխարհաքաղաքական շրջադարձեր չեն լինելու։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու․ Նիկոլ Փաշինյան