ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Շարմազանով

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու․ ՀՀԿ գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ-ն որոշումը կայացրել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի, կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի և ԱԺ հանրապետական պատգամավորների մասնակցությամբ նիստից հետո։

ՀՀԿ գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը հայտարարել է, որ թեկնածու չեն առաջադրում, որպեսզի խուսափեն հետագա առճակատումից։

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն են պաշտպանելու, Շարմազանովը պատասխանել է, որ կսպասեն, տեսնեն, թե ինչ այլ թեկնածություններ են առաջադրվելու։

Ծառուկյանի հնարավոր թեկնածությունը պաշտպանելու մասին հարցին Շարմազանովը պատասխանել է, որ պետք է սպասել թեկնածությունների առաջադրմանը, որից հետո կհրապարակեն իրենց որոշումը։

Մայիսի 1-ին հրավիրված է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ վարչապետի ընտրության համար։

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո այդ պաշտոնը թափուր է։

Ըստ Սահմանադրության՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Մեկնաբանել