ՄԻՊ-ը կոչ է անում պաշտպանել անձնական կյանքի գաղտնիությունը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել` մտահոգություն հայտնելով Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումների վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության` մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդկային արժանապատվության ու անձնական կյանքի գաղտնիության լիարժեք պաշտպանությունը:

«Այս առումով, մտահոգիչ է, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները: Դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ հեռախոսահամարները, ակնհայտ է ծաղրանքը, վիրավորանքն ու ատելության խոսքը:

Ակնհայտ է, որ սա անհանդուրժողական մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է։Ավելին, սա կարող է ստեղծել հանրային գործիչների անձնական տվյալների չսանկցավորված տարածման միջոցով հոգեբանական ներգործության վտանգավոր նախադեպ»,- ասվում է հաղորդագրությունում։

ՄԻՊ-ը այս իրավիճակում կարևոր է համարում նաև զանգվածային լրատվամիջոցների դերը:

«Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է անհապաղ հեռացնել անհանդուրժողականություն կամ ատելություն քարոզող կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը»,- նշվում է հաղորդագրությունում: