ԵՊՀ-ն պատրաստ է դիմել ԿԳՆ` Փաշինյանի դիպլոմի հարցով

Երևանի պետական համալսարանը հայտարարել է, որ պատրաստ է դիմել կրթության և գիտության նախարարությանը՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տրամադրելու համար:

«Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»,- ասվում է հաղորդագրությունում:

Այսօր` ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ մտադիր չէ վերցնել ԵՊՀ դիպլոմը.

«Գիտեք, եթե ես մտադիր լինեի վերցնել, ապա վերջին 23 տարիներին կկարողանայի դա անել»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել