Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելու դեպքում առաջին քայլերի մասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները իրագործելու համար ԵԼՔ-ը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, պատրաստվում է խորհրդարանում աշխատանքային մթնոլորտ ձևավորել. այս մասին պատասխանելով ՍիվիլՆեթի լրագրողի հարցին՝ ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա այսօր պաշտոնապես առաջադրվեց վարչապետի թեկնածու։

Փաշինյանն ասում է, որ վարչապետ դառնալու պարագայում իր առաջին քայլը լինելու է ընտրական օրենսգրքի փոփոխությունը։ Նա մտադիր է ձևավորել երաշխիքներ՝ ազատ, արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար․ «Ժամկետներ չեմ կարող նշել, թե երբ կսկսվեն գործընթացները․ ես պետք է հանդիպումներ ունենամ այլ ուժերի հետ և մաքսիմալն անեմ, որ իրապես հավասար պայմաններ ստեղծվեն»։

Խոսելով կառավարության գործող անդամների պաշտոնավարման մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր հնարավոր թեկնածուները կքննարկվեն։

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը և վստահեցրեց՝ «այդ միավորումից դուրս գալու խնդիր չեն դրել ու չեն դնելու, սակայն դա դեռ չի նշանակում, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան, ու այդ բոլոր խնդիրները հարկավոր է քննարկել»։

Նիկոլ Փաշինյանի երկրորդ քայլը պետք է լինի կառավարության ձևավորումը։ Սահմանադրությունը այս նպատակի իրագործման համար նախատեսում է 15 օր ժամկետ։ Փաշինյանը բացառեց, որ իրենք կադրային խնդիրներ կունենան նոր կառավարությունում։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ցանկանում է դիպլոմ ստանալ Երևանի պետական համալսարանից․ «Եթե մտադիր լինեի դիպլոմ վերցնել, ապա 22 տարում դա կանեի»։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ մարտի 1-ի գործը կարևորագույն խնդիրներից է։ Նա պնդեց, որ հարկավոր է այդ ուղղությամբ «արդար նախաքննություն իրականացնել»։

Լրագրողները նաև հարցեր ուղղեցին համակարգային փոփոխությունների մասին։

«Սկզբունքն այն է, որ մենք պետք է փորձենք աշխատանքային միջավայր ձևավորել։ Հակառակ դեպքում այս պրոցեսն իսկապես արդյունք չէր ունենա։ Եթե դուք նկատի ունեք կոռուպցիան, մնացած նեգատիվ երևույթները, ես համոզված եմ, որ կարող եմ իրավիճակ փոխել։ Մենք ինչ արել ենք մինչ հիմա, ամեն ինչ արել ենք ժողովրդի միջոցով ու շարունակելու ենք անել»։

Վարչապետի թեկնածուն վստահ է, որ հարկավոր է հետևողականորեն ուժեղացնել բանակն ու բանակի մարտունակությունը․ «Դա է ճանապարհը Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ։ Կարծում ենք բանակցությունների շարունակման համար պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպաստեն, որ Ադրբեջանը վերջ տա ագրեսիվ հռետորաբանությանն ու վերադառնա կառուցողական դաշտ»։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի

Մեկնաբանել