Հայկական հեղափոխությունը թուրքական լրատվամիջոցներում

Թուրքական լրատվամիջոցներից հայաստանյան զարգացումներին ամենաուշադիրը հետևել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության խոսափող «Ջումհուրիյեթը»՝ հնարավորություն ընձեռելով թուրք ընթերցողին ամենայն մանրամասնությամբ հետևելու Հայաստանի փոթորկուն իրադարձություններին: Ի տարբերություն թուրքական իշխանամետ որոշ լրատվամիջոցների՝ «Ջումհուրիյեթը» ադրբեջանական աղբյուրներին հղում չի կատարել՝ մեծացնելով տրամադրվող ինֆորմացիայի արժանահավատությունն ու անկողմնակալությունը:

Թուրքական մամուլում «Ջումհուրիյեթը»-ը առաջիններից է, որ շրջանառության մեջ դրեց «Քադիֆե Դեվրիմի» (Թավշյա Հեղափոխություն) տերմինն ու սկսեց շարժումը համեմատել 1989-ի Չեխոսլավակիայի իրադարձությունների հետ:

Ընդդիմադիր լրատվամիջոցների շարքում ամենամեծ կշիռն ունեցող «Ջումհուրիյեթի» վերլուծաբան Ահմեթ Ինսելը Սերժ Սարգսյանին, ի թիվս ալ գործիչների, համեմատել էր Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ նշելով, որ այդ առաջնորդները ոչ մի գնով չեն ցանկանում թողնել իշխանության ղեկը: Թուրք հոդվածագրի համար, կարծես, անակնկալ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Բացի այդ, Ինսելը գերագնահատում է Ռուսաստանի ազդեցությունը հայկական բանակի վրա՝ հավանական չհամարելով առանց Ռուսաստանի թույլտվության բանակի միջամտությունը ներհայաստանյան իրադարձություններին: Առհասարակ, թուրքական ընկալումը, կարծես, Հայաստանին ավելի կախյալ պետություն է համարում, քան իրականում կա:

Մեկ այլ հրապարակման մեջ «Ջումհուրիյեթն» արձանագրում է, որ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ընդդիմության առաջնորդ Փաշինյանի հայտարարությունները վկայությունն են այն բանի, որ նա հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ու ժողովրդի պաշտպանությամբ:

Թուրքական ընդդիմադիր թերթերից մյուսը՝ «Բիրգյունը», Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում վճռական է համարում ցույցերին զինվորականների մասնակցությունը:

Հայաստանյան իրադարձությունները «Հուրիյեթ» թերթի ուշադրության կիզակետում էին: Ապրիլի 30-ին թերթում հրապարակված հոդվածում սյունակագիր Ներդուն Հաջըօղլուն գրում է, որ «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանը հաղթանակ է տարել:

TRT Haber-ն ուշադրությամբ հետևել է հայաստանյան իրադարձություններին՝ մեջբերելով Սերժ Սարգսյանի հրաժարականից հատվածներ:

«Ազգայնական շարժում կուսակցության» մերձակցությամբ հայտնի «Այդընլըք» թերթը նույնպես իր ընթերցողին ընդհանուր գծերով ներկայացրել է «այն, ինչ կատարվում է Հայաստանում»:

NTV-ի կայքում կարդում ենք, որ Հայաստանի իշխանությունները լարվածությունը մեղմացնելու համար վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, իսկ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կդառնա վարչապետ:

Խոսուն է «ԹայմԹյուրքի»-ի վերնագիրը՝ «Հայաստանն ալեկոծողը. Նիկոլ Փաշինյան»: «ԹայմԹյուրքը» մեկտեղել է Թուրքիայի առնչվող Փաշինյանի մի քանի հայտարարություններ՝ եզրակացնելով, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու դեպքում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում փոփոխություն չի լինելու:

Իշխանամետ «Աքշամը» կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ճգնաժամը լուծելու կոչը առանցքային նշանակություն է ունեցել, այդ պատճառով էլ Հայաստանի խորհրդարանում մայիսի 1-ին ընտրություններ են լինելու: Սակայն, ըստ ամենայնի, սա շտապ եզրակացություն է, որովհետև Ռուսաստանի նախագահի խոսքը Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին էր, ոչ թե Նիկոլ Փաշինյանի:

Նիկոլ Փաշինյանը նոր ու անծանոթ անուն է թուրքական մամուլի համար: Այդ պատճառով երբեմն անդրադարձ է կատարվում նրա քաղաքական կենսագրությանը: Բացի «Թավշյա հեղափոխություն» եզրից թուրքական մամուլում կարելի է հանդիպել շարժմանը տրվող «դիմադրություն», «ըմբոստություն», «քաղաքացիական ընդվզում», «քաղաքացիական անհնազանդություն» և այլ որակումներ: «ՀաբերԹյուրքն» էլ թյուր տեղեկություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանական բռնությունների հետևանքով ութ քաղաքացի է սպանվել:

Թուրքիայում դեռ չեն քննարկում, թե Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում ինչպես են լինելու Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: Մեդիան դեռ չի հասցրել արձագանքել Փաշինյանի այն հայտարարությանը, թե հարևան երկրներում (Թուրքիա և Ադրբեջան – խմբ.) ընթացող գործընթացները լավատեսություն չեն ներշնչում, իսկ Հայաստանի շրջափակումը մոտ ժամանակներում դժվար թե վերանա:

Չնայած Թուրքիայի հագեցած օրակարգին ու սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին՝ նկատելի է հետաքրքրությունը հայաստանյան իրադարձությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ապրիլյան այս օրերին թուրքական լրատվադաշտում Հայոց ցեղասպանության ժխտող հրապարակումները անհամեմատ ավելի մեծաթիվ էին, քանի հայաստանյան իրադարձությունների վերլուծությունը, ինչը հայ-թուրքական հարաբերությունների յուրօրինակ արտացոլումն է:

Գոռ Երանյան

Մեկնաբանել