Նիկոլ Փաշինյանը չի բացառում մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ներկայիս Ընտրական օրենսգրքով։ Մայիսի 2-ին Երևանի 3-րդ մաս թաղամասում փողոցը փակած ցուցարարներին միացած Փաշինյանը Ազատության լրագրող Կարլեն Ասլանյանի հետ զրույցում ասել է, որ իրենք քննարկում են բոլոր սցենարները։ Զրույցից մի հատված՝ ստորև։

– Ինչ եք կարծում սա [անհնազանդության շարունակվող գործողությունները] տանում է յոթ օր հետո վարչապետի նոր ընտրությա՞ն, թե՞ խնդիրը կարող է ավելի շուտ հանգուցալուծվել։

– Դե յուրե պետք է վարչապետի նոր ընտրություն տեղի ունենա, կամ եթե տեղի չի ունենում նոր ընտրությունը, նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մենք վերլուծում ենք սցենարնենրը, համենայն դեպս՝ բոլոր սցենարներով համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել։ Տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Ժողովուրդը, որ զգացել է հաղթանակի շունչը, կարծում եմ՝ այդ ժողովուրդը ձեռքից չի կարող բաց թողնել իր հաղթանակը։

– Նույնիսկ այն դեպքում, եթե դուք մյուս շաբաթ էլ չընտրվեք և իրե՞նք անցկացնեն արտահերթ ընտրությունը։

– Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ այն, ինչ որ կաբինետներում, դահլիճներում տեղի է ունենում, արդեն էական չէ։ Էականը սա է՝ որ Հայաստանում իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունն այլևս չի լինելու։ Կապ չունի՝ ով կլինի իշխանություն՝ ես կլինեմ, ուրիշը կլինի։ Դրանք տեխնիկական հարցեր են։ Բայց իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունը չկա այլևս։ Եվ չի լինելու այլևս։ Եվ այն, որ դպրոցականներն են մասնակցում էս պրոցեսին,- երեկ Ազգային ժողովում էլ ասացի,- դա երաշխիք է, որ ոչ թե տասը, քսան տարի այդպես չի լինելու, այլ հարյուր տարի այդպես չի լինելու։ Իսկ որ հարյուր տարի այդպես չեղավ, այդ ավանդույթը հավերժ շարունակվելու է։ Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում։ Ես դրանում համոզված եմ։

– Այնուամենայնիվ, եթե գանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որը կանցկացնեն ներկա իշխանությունները, պատրա՞ստ եք դրան։

– Այո, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք։ Եվ յուրաքանչյուր սցենարի դեպքում ունենք մեր գործողություների․․․

– Կմասնակցե՞ք [ԿԸՀ նախագահ] Տիգրան Մուկուչյանի կազմակերպած ընտրությանը։

– Դա կախված կլինի մթնոլորտից, որովհետև եթե պրոցեսը այս ծավալով է ընթանում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխութուն ենք ունենում։ Վերջին տանսհինգ օրվա ընթացքում հանրապետությունում ամեն օր իրավիճակը փոխվում է։ Եվ շուտով կփոխվի ամեն ժամ։ Եվ դա [մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին] կախված կլինի իրավիճակի վերլուծությունից։