Արա Բաբլոյանը հորդորում է դադարեցնել պատգամավորների բնակարանների շրջափակումը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հորդորում է դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների շրջափակումը և ձեռնպահ մնալ պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի կայքը:

Հայտարարությունը ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը:

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:

Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից:

Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն»:

Մեկնաբանել