150 նախկին պատգամավորներ խստագույնս դատապարտում են գործընկերների «ազգադավ գործելաոճը»

«Պատգամավորական սերունդ» հասարակական կազմակերպության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Սույն թվականի մայիսի 1-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության
Վարչապետի ընտրության ընթացքում Հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության կողմից
դրսևորած անիրատես վարքագիծը ոչ այլ ինչ էր, քան պետության ապագան, ժողովրդի միասնականությունը,
համայն հայության իղձերի իրականացման հույսը, երիտասարդության ռոմանտիզմը և ազգային ոգու զարթոնքը
օրորոցում խեղդելուն միտված «գյադայական թայֆաբազություն»։ Մենք՝ ՀՀ Գերագույն Խորհրդի և ՀՀ Ազգային
ժողովի ավելի քան 150 նախկին պատգամավորներս, խստագույնս դատապարտում ենք նրանց ազգադավ
գործելաոճը։

Միաժամանակ, դիմելով պատգամավորներին փաստում ենք, որ դուք ձեր վարքագծով ոչ միայն վարկաբեկեցիք
ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ պառլամնետական ինստիտուտի հեղինակությունը, այլև վիրավորեցիք
մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը։

Մենք, որ 90-ականների սկզբին, որպես ժողովրդի ընտրյալներ, պատիվ ենք ունեցել հռչակելու Հայաստանի
Հանրապետության անկախությունը, մասնակիցը եղել պետականաշինության գործընթացին, ժողովրդավարական
ինստիտուտների ստեղծմանը ընդ որում ձեր կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ընկերակցությամբ,
այսօր գետինը մտնելու պատրաստակամությամբ ամաչում ենք, որ ձեզ ենք հանձնել պառլամենտական սենրդի
հերթափոխը։

Այդուհանդերձ, փխրուն հույս ենք փայփայում, որ մեկ շաբաթը բավարար ժամանակ է, որ սթափվեք ու խելքի գաք,
ձերբազատվեք «անփոխարինելի կուռքերին» փառաբանելու և ծառայելու բարդույթից։

Հետայսու հիշե՛ք, որ դուք օժտված եք ժողովրդի պատգամները իրագործելու պատվաբեր առաքելությամբ և Աստված
մի արասցե, որ արժանանաք այդ նույն ժողովրդի խարանին, իսկ այդ դատաստանից հաստատ չեք կարող ազատվել։
Եվ ահա, մեր երկրի ու ժողովրդի այս օրհասական հանգրվանում, մենք՝ որպես երկրի մտահոգ քաղաքացիներ, 150
նախկին պատգամավորներս հպարտությամբ հայտարարում ենք, որ սատարում և միանում ենք համազգային
շարժմանը, պատրաստակամ ենք մեր մասնակցությունը բերել շարժման ազգանվեր բոլոր նախաձեռնությունների
իրականացմանը»։

Մեկնաբանել