Կարեն Կարապետյանն անցկացրել է իր կառավարության վերջին նիստը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է իր կառավարության վերջին նիստը։

Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար:

«Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականը և խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից»:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր: «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե ոչ»,-ասել է Կարեն Կարապետյանը

Մեկնաբանել