Վրաստանի նախագահը Արմեն Սարգսյանին մայիսի 26-ին հրավիրել է Վրաստան

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Գիորգի Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:

Մայիսի 26-ին Վրաստան այցելելու և մինչ այդ այլ երկիր պաշտոնական այցով չմեկնելու դեպքում դա կլինի Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում օտարերկրյա առաջին այցը։

***

Ապրիլի կեսին ռուսաստանյան TASS գործակալության հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասել էր, որ «շատ հետաքրքրված եմ ամենամոտ ապագայում այցելել Մոսկվա՝ որպես Հայաստանի նախագահ»։ Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարներն «ավանդաբար առաջին այցերը կատարում են հենց Մոսկվա»։

Մեկնաբանել