Հակահեղափոխությունը քնած չէ․ Նիկոլ Փաշինյան

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ չպետք է պատրանքներ ունենալ, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է։

Իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում Փաշինյանն ասում է․

«Որևէ մեկս իլյուզիաներ չպետք է ունենանք, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է։ Իհարկե, հեշտ չի հանձնվելու, և մենք պետք է մեր զգոնությունը պահենք, որովհետև չեմ բացառում սցենարներ, որ ընդդիմադիր ուժեր նույնպես սկսեն ներգրավվել էս հակահեղափոխական գործընթացի մեջ ինչ-ինչ պատճառներով։ Մենք պետք է շատ զգոն լինենք և կարողանանք շատ արագ գործել՝ մեր հռչակած սկզբունքների շրջանակում մեր հաղթանակը տրամաբանական ավարտին հասցնելու համար»։

Փաշինյանը նշել է, որ իրեն շատ են հարցնում, թե արդյոք կա՞ համոզմունք, որ մայիսի 8-ին խորհրդարանն արդեն կընտրի վարչապետ․

«Քաղաքական հայտարարությունների մակարդակով․․․ մենք գիտենք, որ հայտարարություններ են հնչել, բայց իրականության մակարդակում մինչև փաստը չարձանագրվի, չենք կարող որևէ վերջնական բան ասել։ Տեսաք, որ նախորդ քվեարկության ժամանակ ՀՅԴ-ն ասել էր, որ կողմ են քվեարկելու, բայց խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը դեմ քվեարկեց։

Այսպիսի երևույթներ կարող են տեսականորեն լինել, կարող են այլ դրսևորումներ էլ լինել։ Եթե հիշում եք, մեր նախորդ հանդիպման ժամանակ էլ ասացի, որ բոլորս լինենք պատրաստ, պատրաստակամ, որովհետև օրվա ցանկացած ժամի կարող է պարզվել, որ իրավիճակ է փոխվել։ Եվ այդ պարագայում մենք պետք է կրկնակի, եռակի ծավալներով իրականացնենք մեր գործողությունները մեր վերջնական հաղթանակն արձանագրելու համար»։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև հակահեղափոխության հնարավոր իրավիճակների մասին։

«Ես ուզում եմ ասել, որ մամուլում տարբեր հրապարակումներ կան, որ տարբեր ուժեր հակահեղափոխություն են պատրաստում, այդ թվում՝ ուզում են ներգրավել ընդդիմադիր քաղաքական ուժերի։ Տարբեր վարկածներ են հնչում տարբեր դավադրությունների մասին։ Իհարկե, մենք հետևողականորեն այդ տեղեկությունները ստուգում ենք, որպեսզի ձեռքը զարկերակի վրա պահենք։ Ես ուզում եմ ուղիղ ասել, որ ցանկացած պահի մենք կարող ենք ձեզ կոչ անել դուրս գալ հրապարակ, կրկնակի եռակի ծավալով շրջափակել բոլոր հնարավոր փողոցները, թաղամասերը և այլն»։

«Հակահեղափոխությունը, սիրելի ժողովուրդ, քնած չէ, բայց մենք հաղթելու ենք, տարբերակ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա խոսել է նաև մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում սպիտակ շապիկներով հավաքվելու նախաձեռնության մասին և ասել, որ Երվանդ Գեղամյանը Մոսկվայից 1000 հատ շապիկ է ուղարկել։ Շապիկների վրա, ինչպես երևում է, պատկերված է Նիկոլ Փաշինյանի դիմանկարը՝ «դուխով» գրությամբ։