Սպասելով տրանսպորտի ոլորտում հեղաշրջմանը

Եթե մեքենա չվարեի, կմնայի ավտոբուսի սպասելով

Հաճախ են ասում, թե բախտս բերել է, որ մեքենա ունեմ․ «Մեքենա չքշեիր, էսքան տարբեր բաներ չէիր հասցնի անել»։ Իսկ ես չեի համաձայնում, մինչև մի անգամ մեքենաս նորոգման չհանձնեցի ու մնացի փողոցում։ Ու մինչև հիմա աչքս ջուր է կտրել մի հարմարեցված ավտոբուսի սպասելով։ Իհարկե, այդ օրը ինձ ընկերներս օգնեցին տուն հասնել, բայց ես հասկացա, որ հարմարեցված տրասնպորտ Հայաստանում գոյություն չունի։

2015-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսներ գործարկելու մասին։ Այժմ 668 ավտոբուսներից հարմարեցված են 25-ը, բայց գործում են միայն 7-ը։

Հարմարությունները ենթադրում էին բացվող վերելակով թեքահարթակ ավտոբուսի դռների մոտ և բռնակներ սրահում։ Քանի որ հանրային տրասնպորտը չի աշխատում ըստ հստակ ժամացուցակի, իսկ վերելակով ավտոբուսների թիվը քիչ է, հարմարեցումները զգալի փոփոխությունների չբերեցին․ հաշմանդամություն ունեցող մարդիկ հույսը հանրային տրանսպորտի վրա դնել չեն կարող։

Որոշ ժամանակ անց մարդիկ սկսեցին նկատել, որ սայլակով անձանց համար ավտոբուսների սրահներից բռնակները հեռացվել են։ Եղան նաև դեպքեր, երբ վարորդը հրաժարվել է բացել թեքահարթակը՝ պատճառաբանելով, որ ուշանում է իր ժամից։ Չեմ ուզում երկար գրել ոչ պրոֆեսիոնալ վարորդների ու կիսամեռ հանրային տրանսպորտի մասին, քանի որ խոստացել են վերափոխել ամբողջ տրանսպորտային համակարգը։

Մինչ մենք սպասում ենք հեղաշրջմանը տրանսպորտի ոլորտում, ուզում եմ պատմել, թե ինչ հարմարություններ կարող են ստեղծվել հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտում, ու հույս ունենանք, որ դրանք կիրագործվեն նաև Հայաստանում։

Այլ երկրներում, օրինակ, ավտոբուսները ունենում են վերելակ, իսկ սրահում միշտ կան ազատ տեղեր սայլակով անձանց համար՝ համալրված հատուկ ազդանշանով ու բռնակով։ Լոնդոնում նույնիսկ կարելի է սայլակով տաքսի նստել, քանի-որ կան ընդարձակ տաքսիներ, իսկ վարորդները հաշմանդամությամբ անձին օգնելու պատրաստվածություն ունեն։

Եթե դուք ունեք տեսողական խնդիրներ, դուք միևնույն է՝ պետք է կարողանաք օգտվել տրանսպորտից, և դրա համար ստեղծված են հարմարություններ։ Մետրոյում, տեսողական հաշմանդամությամբ անձանց համար լինում են վառ գունավորմամբ ռելիեֆային հարթակներ։ Կանգառներում տրանսպորտի ժամանակացույցը գրվում է նաև բրայլյան այբուբենով, իսկ սրահում ամեն կանգառ բարձրաձայն հայտարարվում է։ Ավելին, Լոնդոնում կան տաքսիներ, որոնց դռան բռնակի կողքին բրայլյան այբուբենով գրված է մեքենայի գրանցման համարը։ Լոնդոնի տաքսիներում նաև թույլատրվում է երթևեկել ուղեկցող շների հետ․ շունը նստում է առջևում՝ ապահովելով մարդու անվտանգությունը։

Հարմարություններ պետք է ստեղծված լինեն նաև լսողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Հանրային տրանսպորտում կանգառները պետք է հատուկ տեսատախտակի վրա գրվեն։ Պետք է լինի ազդանշան, որով դուք կհաղորդեք, որ ուզում եք իջնել։ Որոշ երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտը լրիվ անվճար է։

Մեզ մոտ դեռ շատ գործ կա՝ հարմարեցված չեն ո՛չ ավտոբուսները, ո՛չ կանգառները, հարմարություններ չկան ո՛չ ֆիզիկական, ո՛չ տեսողական և ո՛չ էլ լսողական հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ վարորդները պատրաստված չեն, երբեմն էլ ցանկություն չունեն օգնելու հաշմանդամություն ունեցող անձանց։

Այս խնդրի մասին հաճախ է բարձրաձայնվում, հետևաբար հավանականություն կա, որ հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի կդառնա, և մենք կկարողանանք լիարժեք օգտվել հանրային տրանսպորտից։

Մեկնաբանել