Սա ժողովրդի վերածնունդ է․ Փաշինյանը՝ Financial Times-ին

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Financial Times ամսագրին։ Խոսելով վաղը՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում կայանալիք ընտրության մասին՝ Փաշինյանն ասել է, որ «ամեն ինչ հնարավոր է, քանի որ քաղաքական իրադրությունը հարափոփոխ է»։

Ներկայացնելով Փաշինյանին՝ FT-ն գրում է, որ «գրեթե անհայտ լինելուց» նա դարձավ Հայաստանի «ամենահայտնի ֆիգուրը»․ նրա ֆեյսբուքյան ուղիղ եթերները գրավում են մոտ 800 հազ․ հոգանոց լսարան, ինչը կազմում է Հայաստանի բնակչության մոտ քառորդը։

«Հայաստանի կառավարությունը շարունակաբար ճնշում էր մարդկանց։ Կարծես զսպանակ լիներ, շատ արագ բացվեց»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Մոսկվան, որը սովորաբար հարևան երկրներում զանգվածային բողոքները դիտարկում է որպես ուղիղ սպառնալիք, արտասովոր կերպով զուսպ է և նշում է, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանի ներքին գործն է»,- շարունակում է ամսագիրը։

Հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է հումքի ներկրման վրա օլիգարխների վերահսկողությանը վերջ դնելու և կոռուպցիան «շատ արագ» արմատախիլ անելու մտադրության մասին։ Փաշինյանը հերթական անգամ շեշտել է՝ Հայաստանի ռուսամետ արտաքին քաղաքականությունն «անփոփոխ է մնալու»։

Նպատակներից մեկը, ըստ վարչապետի թեկնածուի, ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, որը, նրա խոսքով, «ի օգուտ հանրապետականների է»։

«Անգամ այս օրենսգրքով մենք կհաղթենք։ Եթե ոչ մայիսի 8-ին, ապա մեկ շաբաթից կամ մեկ ամսից»,- հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածուն։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայաստանյան հեղափոխությունը, ի տարբերություն մյուսների, «չունի աշխարհաքաղաքական համատեքստ»։

«Սա ժողովրդի վերածննդի հարց է»,- եզրափակել է Փաշինյանը։