Ֆուտբոլի ֆեդերացիան ընդդեմ «Շիրակի»․ ի՞նչ կա սկանդալի հետևում

Մայիսի 5-ին հայկական ֆուտբոլում սկանդալ եղավ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կարգապահական կոմիտեն հայտարարեց Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբից 12 միավոր նվազեցնելու, թիմի մարզիչ  Արարատ Հարությունյանին ֆուտբոլային գործունեությունից ցմահ զրկելու և «Շիրակին» 7 միլիոն դրամ տուգանելու մասին։

Որոշումը հրապարակվեց «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ավարտից անմիջապես հետո։ Գյումրեցիներն այդ խաղում հաղթել էին 2-0 հաշվով ու կարևոր քայլ կատարել չեմպիոնության ճանապարհին։ Ֆեդերացիայի որոշումը կապված էր հենց այս խաղի հետ։ Ըստ ՀՖՖ որոշման՝ «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանը «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին առաջարկել է անցկացնել պայմանավորված խաղ, դրա համար աֆրիկացի ֆուտբոլիստին տվել է 1000 դոլար կանխավճար՝ խոստանալով ևս 4000-ը։

Կպոդոն այդ մասին դիմումը հասցեագրել է Ֆուտբոլի ֆեդերացիա մայիսի 3-ին, այսինքն՝ որպես այդպիսին պայմանավորված խաղ տեղի չի ունեցել, քանի որ կողմերը, Ֆեդերացիան, նախապես տեղեկացված են եղել դեպքի մասին։

«Շիրակը» Ֆեդերացիային պարզաբանումներ է ներկայացրել՝ նշելով, որ Արարատ Հարությունյանը առանց թիմի ղեկավարությանը տեղյակ պահելու «Բանանցի» ֆուտբոլիստի հետ քննարկել է խաղի արդյունքի վրա ազդելու հարց։ «Շիրակից» որևէ մեկը Հարությունյանի մտադրության մասին տեղեկացված չի եղել։ Որպես պատիժ՝ «Շիրակը» Արարատ Հարությունյանին հեռացրել է ակումբից։

Ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն, կասկածի տակ է դնում «Շիրակի» այն հայտարարությունը, թե ակումբը Հարությունյանի գործողությունների մասին տեղեկացված չի եղել։

Ֆեդերացիայի որոշումը վերջինիս ու«Շիրակի» միջև կրքեր է բորբոքել։ Դարձյալ արձագանքելով՝ «Շիրակը» հայտարարեց՝ Ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ ակումբը ներգրավված է նման առաջարկ ներկայացնելու գործընթացում։ Ապօրինի համարելով Ֆեդերացիայի որոշումը՝ գյումրեցիները հայտարարել են բողոքարկման մասին, իսկ եթե այն արդյունք չտա, «Շիրակն» իր բոլոր թիմերով հանդերձ ստիպված կլինի լքել Հայաստանի բոլոր ֆուտբոլային առաջնությունները։  Ֆեդերացիան պատասխան հաղորդագրություն տարածեց՝ կոչ անելով «Շիրակին» չխոսել ուլտիմատումների ու շանտաժի լեզվով։

Հայաստանի առաջնության ավարտին մնացել է երեք տուր։ «Շիրակը» փետրվարից  սկսած՝ լավ արդյունքներ էր ցուցադրում։ Թիմը ձմեռային դադարի էր գնացել 4-րդ հորիզոնականում, իսկ փետրվարից սկսած աստիճանաբար բարելավեց դիրքերն ու այս պահին ընթանում է առաջին հորիզոնականում՝ չեմպիոնական պայքարում առաջ անցնելով «Ալաշկերտ»-ից, որի հետ տարբերությունը ներկայում 3 միավոր է։ Այսպիսի լարված իրավիճակում թիմին 12 միավորից զրկելը գյումրեցիներին զրկում է չեմպիոնությունից, իսկ «Շիրակի» գլխավոր ու տարիքային բոլոր թիմերի հետագա մասնակցությունը Հայաստանի ֆուտբոլի առաջնություններին դրվում է կասկածի տակ։

Սա հայկական ակումբային ֆուտբոլի համար կարող է ունենալ ծանր հետևանքներ. այս պահին «Շիրակը» ֆուտբոլի բարձրագույն խմբում գործող միակ ոչ երևանյան ակումբն է։ Առաջնությունում հանդես եկող մյուս հինգ թիմերը երևանյան թիմեր են։ «Շիրակն» ունի մանկապատանեկան ակումբներ, որոնք լավ արդյունքներ են ապահովում Հայաստանի առաջնություններում։ «Շիրակը» թիմեր ունի մինչև 14, 15, 16, 18 տարեկանների առաջնություններում, ներկայացուցիչներ ունի Հայաստանի երիտասարդական ու մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականներում։ «Շիրակի» սան է Սլովակիայի «Ժիլինա» ակումբի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, թիմի ֆուտբոլային ակադեմիան ունի շուրջ 400 սան, թիմն ունի երկրպագուների մեծ բանակ։

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու «Շիրակի» միջև լարված հարաբերությունների մասին։ «Շիրակին» 12 միավորով տուգանելը կարծես նախորդ կոնֆլիկտների ավելի սուր դրսևորումն է։ Անցյալ տարվա մայիսին Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար մարմնից՝ գործկոմից, հեռացվեց «Շիրակ» ակումբի նախագահ, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը՝ գործկոմի աշխատանքներին ու նիստերին չմասնակցելու պատճառաբանությամբ։ Դրանից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խնդիր է դրել «Շիրակից» խլել վերջինիս տնօրինմանը հանձնած մարզադաշտերը։

ՀՖՖ-ն հայտարարել էր, որ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերը գտնվում է անմխիթար վիճակում, իսկ այս տարվա սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե ակադեմիայում մարզվելու պայմաններ չկան՝ չկա էլեկտրաէներգիա, գազամատակարարում ու տաք ջուր։

Ի դեպ, «Շիրակը» բարձրագույն խմբի ամենաշատ տուգանված թիմն է։ Գյումրիի ակումբից 12 միավորի նվազեցումը բորբոքել է «Շիրակի» երկրպագուներին։ Նրանք հայտարարում են, թե տեղի ունեցողը թիմի դեմ հերթական սաստկացող ճնշումն է։ Գյումրեցի երկրպագուները կոչ են անում նաև միավորել ջանքերն ու հեռացնել Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Այդ պահանջով վաղը Գյումրիում արդեն հավաք է նախատեսված։  Ի դեպ, այս տարին հոբելյանական է «Շիրակի» համար. ակումբ կնշի իր 60-ամյակը։

Մկրտիչ Կարապետյան