Անդրիաս Ղուկասյանը կալանքից ազատ արձակվեց

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը բավարարվեց, նա ազատ արձակվեց։ Քիչ առաջ այս որոշումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն նստավայրում հրապարակեց դատավոր Վարդան Գրիգորյանը։ Ղուկասյանի նկատմամբ ընտրվեց ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը։

Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ էր մոտ 22 ամիս։ 

Մոտ մեկ ամիս առաջ տեղի էր ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի դատական նիստը, որտեղ որոշվել էր, որ 9 ամիս շարունակ Անդրիաս Ղուկասյանն անօրինական է կալանքի տակ եղել: Դատավորը նրան կալանքի տակ պահելու որոշում չէր կայացրել: Այս սահմանադրական խնդրի լուծման նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան:

Անդրիաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու» համար: