Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ

Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։

Քվեարկությանը Ազգային ժողովի 105 պատգամավորներից ներկա էին 101-ը։

 Կողմ 59, դեմ 42․ ձեռնպահ չկա։

Մայիսի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետի առաջին ընտրության տապալումից հետո այսօր իրավունքի ուժով գումարվել էր երկրորդ քվեարկությունը։

Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ խորհրդարանի առջև, ներկայացրեց, թե որոնք են լինելու իր առաջնահերթությունները վարչապետի պաշտոնում։

Ի տարբերություն մայիսի 1-ի նիստի, երբ հարցուպատասխանը ժամեր տևեց, պատգամավորներից որևէ մեկն այս անգամ հարց տալու համար չհերթագրվեց։

Ելույթներով հանդես եկան ԵԼՔ, ՀՅԴ և Ծառուկյան խմբակցության պատգամավորները։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Նա նշեց, թե հասարակությունը բաժանվել է «սպիտակների ու սևերի, ամենուր թշնամանիք մթնոլորտ է»։ Նա քննադատեց Փաշինյանին, սակայն նշեց, որ իրենց խմբակցություն 10+1 հոգի կքվեարկի Փաշինյանի օգտին, որպեսզի նա ընտրվի վարչապետ։ 

Հանրապետության հրապարակում արդեն մեծ բազմություն է հավաքվել նշելու հաղթանակը։

Հետևե՛ք ՍիվիլՆեթի թարմացումներին։