Իմ ներդրումը անպայման կունենամ, որ կառավարությունը հաջողության հասնի․ Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարդարացնի հանրության սպասումները։

Մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Երևանի Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը դրական է արտահայտվել համաժողովրդական շարժման և հեղափոխության մասին։

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես նրա հետ գործնական և շատ հարգալից հարաբերություններ ունեմ և իմ ներդրումը անպայման պետք է ունենամ և կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի։ Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ վաղը ավելի լավ է լինելու, կառավարությունն իրեն արդարացնելու է»։

Լրագրողների դիտարկմանը, որ նախագահի պաշտոնում իրեն առաջադրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որին «հասարակությունը մերժեց», Արմեն Սարգսյանն արձագանքեց․

«Ես առաջադրվել եմ Հանրապետության երրորդ նախագահի կողմից։ Կարող էի առաջադրվել, եթե Նիկոլ Փաշինյանը առաջադրեր, և այդ հնարավորությունն ունենար, որպեսզի իմ թեկնածությունը Ազգային ժողովում անցներ, կա՛մ պարոն Ծառուկյանը, կա՛մ ՀՅԴ-ն, ապա կմտածեի լուրջ ու գուցեև ընդունեի։ Իմ խնդիրը՝ կարևոր չէ, թե ով է ինձ առաջադրել, կարևոր է այն, որ ես պատրաստ եմ և ծառայում եմ իմ երկրին։ Եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, եթե լավ չծառայեմ, ուրեմն լավ նախագահ չեմ։ Կարծեմ՝ նույն Ազգային ժողովը, որ ընտրել է ինձ, ընտրել է նաև պարոն Փաշինյանին։ Այնպես որ, խնդիրն այն չէ, թե ով առաջադրեց, ինչպես առաջադրեց, ով ընտրեց, այլ կարողանալո՞ւ ենք արդյոք մենք բոլորս միասին մեր երկիրը դարձնել այն երկիրը, որ ձեզնից յուրաքանչյուրը, և ես ու մեր ողջ հայ ժողովուրդը երազում է և երազել է 26 տարվա ընթացքում»։

Խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է․

«Պետք է հպարտ լինենք այսօրվա Հայաստանով, որովհետև կարողացանք անել այնպիսի մի բան, որ որևէ ուրիշ երկիր, պետություն վերջին տարիներին, տասնամյակներին չի կարողացել անել։ Այսինքն՝ անել հեղափոխություն, ուզում եք՝ դա անվանեք թավշյա կամ որևէ գույնի,- ինձ համար դա հայկական հեղափոխություն էր կամ հեղափոխություն հայկական ձևով,- որովհետև մարդիկ հեղափոխություն են անում առանց ընդհարումների, ծաղիկներով, ժպիտով, ուրախությամբ և փուչիկներով»։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության աչքում էապես բարձրացել է․ «Ես ամեն օր մանրակրկիտ հետևում եմ միջազգային լրատվությանը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այսօր Հայաստանի Հանրապետության, մեր ողջ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը տասն անգամ ավելի բարձր է, քան սրանից մեկ ամիս առաջ»։

Նա նշել է, որ հեղափոխության ընթացքում կուտակված ողջ դրական եռանդը պետք է ներդնել, որ երկիրը դառնա ավելի լավը։

Մեկնաբանել