«Լույս» հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել հիմնադրամի աշխատանքի դադարեցման մասին։

«Այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին և ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով։

Փոփոխությունը զարգացում է։ Այն իր հետ բերում է առաջին հերթին մտածողության և ուժի փոփոխություն։ Այն սովորեցնում է շնորհել, ստանալ և ստեղծել։ Ինչպես ասվում է «Լույսի» կարգախոսում՝ Սովորել, Գործել, Համաստեղծել։ «Լույսը» կատարել է իր խոստումը վերջին ինը տարիների ընթացքում։ Այսօր ծնվում է նոր ժամանակաշրջան։
Եկեք հիշենք, որ գիտելիքն ուժ է և դեպի զարգացում տանող ուղի, երբ համակցվում է խաղաղության և փոխվստահության հետ։ Հայաստանը պետք է անպայման շարունակի ներդրում անել կրթության մեջ։

Գիտելիքի և երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։ Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջև ծառացած ներկա և ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է։
Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս և ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված»,- գրել է Ժաքլին Կարաասլանյանը։

Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 23-ի հրաժարականից առաջ հիմնադրամի 160 կրթաթոշակառուները Սարգսյանին կոչ էին արել կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից։

Կարդացեք նաև՝

Լույս հիմնադրամի կրթաթոշակառուները Սերժ Սարգսյանին կոչ են անում կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից։

Լույս հիմնադրամի ևս 87 կրթաթոշակառու միացել է Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին

Մեկնաբանել