Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պատմական է Հայաստանի համար. Սերժ Թանկյան

Ռոք երաժիշտ, քաղաքացիական ակտիվիստ Սերժ Թանկյանը ՍիվիլՆեթի Մշակ Ղազարյանին պատմում է Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության, 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր և համախոհների դիտորդական առաքելության և Հայաստանի ապագայի իր պատկերացումների մասին։

– Վերջին ամսվա ընթացքում ականատես եղանք Հայաստանում Թավշյա հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ ընտրվելուն, և նրա՝ վարչապետի պաշտոնում կատարած առաջին այցին Արցախ։ Այսօր մեզ տաղավարում միացել է ակտիվիստ, երգահան, երաժիշտ Սերժ Թանկյանը՝ խոսելու բուն շարժման մասին, Հայաստանում և հենց այս շարժման մեջ իր ունեցած հետաքրքրության և ներգրավվածության մասին։ Սերժ, շնորհակալ եմ մեզ միանալու համար։

– Շնորհակալ եմ հրավերի համար։

– Դեռ շարժման ամենասկզբում Ձեր անունը արծարծվել է որպես շարժման աջակից։ Ինչպե՞ս լսեցիք ու ներգրավվեցիք շարժման մեջ, ի՞նչը դրդեց Ձեր մասնակցությունը այդ պահին։ 

– Ես բավականին վաղ իմացա, երբ Նիկոլը Գյումրիից սկսեց իր քայլարշավը, և շարունակեցի հետևել ամենին։ Սկզբում հոդվածների միջոցով, որոնք այդքան էլ մեծաթիվ չէին, ապա նաև ուղիղ եթերների միջոցով, որով սկսեցիք լուսաբանել։ Ես սկսեցի հետևել դրանց։ Ինձ համար անչափ հետաքրքիր էր, որովհետև ես տարիներ շարունակ բարձրաձայնել եմ Հայաստանում անարդարությունների և դրանց պատշաճ և խաղաղ կերպով անդրադառնալու անհրաժեշտության մասին։ «Քաղաքացիական անհնազանդություն» տերմինն օգտագործելը, փողոցներ դուրս գալը, փոփոխություններ անելու փորձերը ի սկզբանե շատ հետագրքիր ու ոգևորիչ էին։

Ես սկսեցի սոցիալական ցանցերում գրառումներ կատարել այդ մասին, հանդես եկա հոլովակով, որով փորձեցի աջակցել այս շարժման երիտասարդությանը, անհրաժեշտության դեպքում քաղաքական խորհուրդ տալ, եթե նրանք կընդունեին։ Տարիներ շարունակ բաց նամակներ եմ հղել Սերժ Սարգսյանին, քննադատաբար եմ մոտեցել նրա վերընտրվելուն։ Տարիներ շարունակ ես երազում էի տեսնել այս օրը, երբ ժողովուրդն իր ուժը կզգա, կհասկանա, որ իր ճակատագիրն իր ձեռքում է, և որ ինքն ի վիճակի է դրական փոփոխությունների հասնել և ստեղծել այն Հայաստանը, որին արժանի է։ 

– Եկեք ետ գնանք։ Շարժման սկզբում Դուք այստեղ չէիք, հիմա այստեղ եք։ Ավելի վաղ նշեցիք, որ չէիք կարողանում գալ հիվանդության պատճառով։ Ի՞նչ էիք զգում՝ այդքան մեծ հեռավորությունից այստեղ կատարվող իրադարձություններին հետևելիս, ցանկանո՞ւմ էիք ամբողջ ժամանակ այստեղ լինել, ինչպե՞ս այդ ամենն ազդեց Ձեզ վրա։

– Ես իսկապես ավելի վաղ էի ուզում գալ։ Նիկոլի հետ հեռախոսազրույց ունեցանք, որտեղ փոխանակվեցինք հազով, ասաց՝ ձայնից դատելով իսկապես վատառողջ եք, ասացի՝ Դուք նույնպես։ Կոկորդի խնդիր ունեի, ամբողջ ընտանիքս էր վատառողջ: Ասացի՝ ուզում եմ հիմա գալ, բայց իրոք չեմ կարող։ Սակայն կփորձեմ հնարավորինս աջակցել և հնարավորինս շուտ կգամ։ Լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություներ իմ գալու կամ չգալու մասին, տարբեր տեղերից եղան հետաքրքիր հեռախոսազանգեր, որտեղ մարդիկ ցանկանում էին իմանալ՝ ինչ եմ անում, և մի պահից սկսած ես որոշեցի անհասանելի լինել, որպեսզի մարդիկ շարունակեն ենթադրություններ անել, դա ևս հետաքրքիր էր քաղաքական ճգնաժամում։ Սակայն ես ցանկանում էի գալ, ջանացի ու հասա Հայաստան։

Կարծում եմ՝ ինձ համար պատիվ է այն փաստը, որ մարդիկ անտարբեր չեն իմ ասածի, արածի կամ ներկայության նկատմամբ։ Խոսում էի ընկերներիցս մեկի հետ և ասացի՝ բոլորը գիտեն, որ աջակցում եմ շարժմանը և հայտարարություններով հանդես գալիս։ Եվ վատառողջ եմ, ուստի ինչու է այդքան կարևոր իմ ֆիզիկական ներկայությունը։ Սակայն տեղում, մարդկանց կողքին լինելու, նրանց ձեռքը սեղմելու, գրկախառնվելու, ժպտալու ու նրանց ժպիտները տեսնելու մեջ կա այս շոշափելի էֆեկտը։ Ես երբեք իմ կյանքում չեմ տեսել այդքան երջանիկ մարդ՝ հավաքված մի տեղում, երբեք։ Ուստի սա պատմական արժեք ունի այնքա՜ն տարբեր տեսանկյուններից։ Հասա Հայաստան, ինձ դիմավորեց Նիկոլը, ում առաջին անգամ էի անձամբ հանդիպում, չնայած հեռախոսով մի քանի անգամ զրուցել էինք։ Մարդիկ դիմավորեցին մեզ, և այդ ամենն ուղղակի սքանչելի էր։

– Ճիշտ է, շատ հետաքրքիր էր դիտել օդանավակայանում կատարվելիքը, մարդկանց մի խումբ կար հավաքված, և Դուք պետք է քայլելով դուրս գայիք ժամանման սրահ։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, ակնկալու՞մ էիք նման արձագանք։ Հետաքրքիր է, որ մարդիկ ձեզնից սպասումներ ունեին այդ հայտարարությունների հետ կապված։ Ի՞նչ զգացիք, երբ ժամանեցիք օդանավակայան և տեսաք այն բազմությունը, որ եկել էր դիմավորելու Ձեզ։

– Ընդհանրապես ես ինձ ճնշված եմ զգում մեծաթիվ մարդկանց ֆիզիկական ներկայությունից՝ ստորագրություն, սելֆիներ և այլն։ Բայց այս անգամ տարբեր էր զգացողությունը՝ խորին հանդարտություն զգացի ու ոգևորություն տեղի ունեցածից։ Այլ դեպքերում, դե գիտեք, զգում էի, որ որովհետև ես երաժիշտ եմ, կան երկրպագուներ և այլն։ Սակայն սա իմ ժողովուրդն էր, որը տոնում էր իր հեղափոխությունը։ Դա բոլորովին տարբեր բան էր, և ես այնտեղ էի՝ նրանց մի մասնիկը, և շատ հանդարտ ու երջանիկ էի զգում։ Եվ երջանիկ եմ, որ հանգամանքների բերումով ուշ եկա Հայաստան, որովհետև ես միշտ ասել եմ՝ իսկական ժողովրդավարությունը առաջնորդի կարիք չունի։ Իսկական ժողովրդավարության դեպքում մարդկանց ձայնն է առաջնորդողը։ Եվ չնայած Նիկոլ Փաշինյանն առաջնորդ է, ինչպես ինքն է նշում՝ «ժողովրդի թեկնածուն, և սա անում եմ ժողովրդի համար», նա ևս գիտակցում է դա։ Բազմաթիվ առիթներով մարդիկ ինձ ասել են՝ արի՛ Հայաստան, մարդիկ կկանգնեն քո կողքին, և ես միշտ մտածել եմ՝ սա ձե՛ր հեղափոխությունն է։ Ես ուրախ եմ ձեր կողքին կանգնել, երբ դուք ինքներդ պատրաստ եք ինքնուրույն ոտքի կանգնել։ Այս անգամ բոլորը ինքնուրույն ոտքի կանգնեցին, և ես անհամբերությամբ էի սպասում այստեղ գալուն։

– Վերադառնանք Ձեր քիչ առաջ նշած մի թեմայի՝ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր բաց նամակներին։ Դուք նշեցիք, որ հույս ունեիք, որ դա նրան կդրդի ավելի արդար ու պատասխանատու լինել հանրային կարիքներին իր մոտեցման հարցում։ Ի՞նչ զգացիք, երբ Սարգսյանը հրաժարական տվեց։

– Ես շատ երջանիկ էի։ Ես միշտ աշխարհաքաղաքական տեսանկյունից եմ նայում ամեն ինչին՝ համատեքստում, թե ինչ է կատարվում, ինչպես պատահեց, ինչ է նշանակում դա, և ինչ է կատարվելու հետո։ Ուստի սա բավականին տրամաբանական մեկնաբանում է։ Ես նրա հրաժարականից մեկ կամ երկու օր առաջ գիտեի, որ նա հրաժարական կտա՝ դատելով փողոցում ծավալվող իրադարձություններից, ցույցերի բազմամարդությունից, ուժային կառույցների՝ այդ ամենը կասեցնելու բացարձակ անկարողությունից, ես հասկացա, որ պետք է որևէ զիջում լինի։ Եվ քանի որ դա էր մարդկանց շարժման առաջնահերթությունը, գիտեի, որ դա տեղի կունենա, բայց թե երբ և ինչպես՝ չգիտեի։ Այդ մամուլի ասուլիսը տեղի ունեցավ, նա վեր կացավ և լքեց սրահը, և այդ պահից նա այլևս վարչապետ չէր։ Ես նույնիսկ բառացիորեն ֆեյսբուքյան իմ էջում գրեցի՝ «վերջը եկել է» (He’s toast)։  Տեսա, որ դա վերջն էր։ Չէի հավատում, ու դեռ չեմ կարողանում հավատալ, որ որևէ երկրի որևէ դիվանագետ բացահայտորեն ֆիզիկապես կսպառնա լրատվամիջոցներին կամ հղում կանի անցյալի դեպքերին, երբ մարդիկ են մահացել,  և դա կօգտագործի որպես սպառնալիք և պատասխանատվությունը որևէ մեկի վրա կդնի՝ անկախ նրանից՝ լինի դա Նիկոլը, թե ժողովուրդը։ Իմ կարծիքով դա շատ անսովոր էր և իրականությունից կտրված։ Սակայն նաև վախենալու էր, որովհետև կար մեծամասշտաբ բռնության հեռանկարը, եթե այն իսկապես տեղի ունենար։ Եվ ես ուրախ եմ, որ մեր մշակութային զարգացումը բերեց խաղաղ հեղափոխության։ Եվ խաղաղ հեղափոխություն ինքնին կարող էր տեղի ունենալ մշակութային զարգացման հետ։ Միգուցե երկու տարի առաջ այսպես չընթանային իրադարձությունները, ցանկացած այլ երկրում ևս։

– Մեկ այլ բան, որին կուզեմ անդրադառնալ։ Դուք «Արդարություն Հայաստանում» արշավի մասնակից եք, և կցանկանայի մեջբերել արշավի նպատակներից հետևյալը. «Մենք ասում ենք Ո՛Չ համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին»։ Դուք ստորագրել եք սրա տակ, և 2017 թ. ապրիլի խորհրդարանական ընտրություններից դեռ առաջ ասել էիք, որ զարմացած եք, որ չեղավ ավելի մեծ արձագանք ու ըմբոստություն դեռևս այն ժամանակ։

– Այո։ մենք սպասում էինք, որ այս հեղափոխությունը տեղի կունենա դեռ մի տարի առաջ։ Երբ ես և բազմաթիվ ընկերներ՝ Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, Վահե Բերբերյանը, «Արդարություն Հայաստանում» արշավի բազմաթիվ ստորագրյալները սփյուռքից ու Հայաստանից, սովորեցինք Թրանսփարենսի Ինթերնեշնլի հետ՝ ինչպես լինել դիտորդ, ներկա գտնվել ընտրատեղամասերում, ես անձամբ երկրով մեկ ներկա եղա տասներկու ընտրատեղամասերում, հետևելով ընտրախախտումներին։ Եվ երբ հայտնի դարձան արդյունքները, մեզ անհանգստացրին ոչ այնքան բուն արդյունքները, այլ ինձ բարկացրեց այն, որ քվեների գնումն ու վաճառքը տեղի էր ունեցել ընտրություններին նախորդող օրերին։ Կապ չուներ՝ որքան շատ կամ քիչ ընտրախախտումներ եղան բուն ընտրության օրը, և մենք այդ դիտորդական առաքելության մաս էինք,  ու այնքան անհանգստացած էինք արդյունքները լեգիտիմացնելու համար։ Եվ երբ արդյունքները հայտնի էին, և ակնհայտ դարձավ, որ խորհրդարանում մարդկանց ձայները նախկինից ավելի փոքրաթիվ էին ներկայացված, այնքան էի հիասթափված, որ չկարողացա նույնիսկ ներկա գտնվել ընտրություններից հետո «Արդարություն Հայաստանում»-ի մամուլի ասուլիսին։ Էրիկ Նազարյանը ընթերցեց գրածս։ Ես այնպես էի ընկճվել, որ չկարողացա ինքս ներկա գտնվել։ Այդ գիշեր նույնիսկ ինձ թվաց լսում եմ, թե ինչպես են Երևանում հայտնվում տանկեր, որոնք իրականում գոյություն չունեին։ Ես ակնկալում էի զանգվածային ընդվզում, սակայն կատարյալ լռություն էր տիրում։

Ես շատ հիասթափված էի, երբ հեռանում էի անցյալ տարի այս ժամանակ։ Չէի ակնկալում, որ այս ամենն այսքան արագ տեղի կունենա։ Ուստի, մի տարի տևեց։ Կարծում եմ՝ հետաքրքիր է, թե ինչպես են ձևավորվում քաղաքական իրադարձությունները, որոշումները։ Եթե հետ գնանք հիմա և ասենք՝ Սերժ Սարգսյանը ասեր գիտեք ինչ, ես ուղղակի կլինեմ կուսակցության ղեկավարը, չեմ լինի վարչապետ, կլինե՞ր արդյոք այս շարժումը։ Եթե Սերժ Սարգսյանը նստեր Նիկոլ Փաշինյանի հետ և ասեր՝  «Ես հասկանում եմ Ձեր մտահոգությունները, հարգում եմ դրանք, հարգում եմ մարդկանց կարծիքը, և գիտեք՞, կմտածեմ հրաժարականի մասին, միաժամանակ կցանկանայի իրականացնել այս, այս բարեփոխումները», արդյո՞ք մենք կլինեին այնտեղ, որտեղ հիմա ենք։ Բոլոր որոշումները բերել են այն պահին, որում գտնվում ենք հիմա։ Ինձ համար, որպես քաղաքական դիտորդ, սա հետաքրքիր է։

– Իրադարձությունների համընդհանուր պատկերին նայելու մասին խոսելիս, երբ Հայաստան ժամանեցիք մայիսի 7-ին և օդանավակայանից եկաք բեմահարթակ, հանրությանը հնչեցրած Ձեր խոսքերից մեկը համբերատարությունն էր։ Նշեցիք, որ համբերությամբ պետք է զինվեն՝ առաջ շարժվելու համար։ Կբացատրե՞ք՝ ինչ նկատի ունեիք։

– Հրաժարականի համար երկու շաբաթ պահանջվեց։ Ավելի երկար կպահանջվի արտահերթ ընտրությունների համար, կարծում եմ՝ բոլորն են միակարծիք, որ դա տեղի կունենա։ Հաշվի առնելով այն, որ հանրապետականները խորհրդարանում մեծամասնություն են, դեռ բավականին ժամանակ կպահանջվի ընտրական օրենսգքրի բարեփոխումների համար, և հեշտ չի լինի։ Եթե հայացք նետենք ԱՄՆ նորագույն պատմությանը, Օբաման իշխանության եկավ մեծ հույսերով, հանրության մեծ աջակցությամբ, և պայքարում էր լիովին հանրապետական կոնգրեսի դեմ, որոնք նրան խանգարում էին յուրաքանչյուր քայլում։ Օբաման կարող էր որպես գործադիր առաջնորդ լինել շատ ավելի արդյունավետ նախագահ, ինչը սակայն տեղի չունեցավ։ Ուստի կլինեն պահեր, երբ մարդիկ պետք է նորից միջամտեն և ասեն՝ սա մեր ժողովրդավարությունն է, սա մեր երկիրն է, սակայն այս ժողովրդավարական գործընթացում պահանջվում է համբերատարություն և համառություն։ Ես համոզված եմ, որ այս գործընթացը սկսվել է, և չի դադարի, որ դրական առաջընթացը ոչ թե նոր է տեղի ունենալու, այլ արդեն տեղի է ունենում։ Երկրի ներսում բացահայտ կոռումպացված կառույցների տարրերը, հիերարխիաները արդեն իսկ սկսում են ցրվել առանց նոր օրենքների ու գործողությունների։ Որովհետև դա այլևս զիլ չէ։ Սա ևս դրա մի մաս է։ Կցանկանայի շեշտել, որ պետք է օգտագործենք այս առիթը և այս նոր Հայաստանը՝ առաջ տանելու բոլոր մակարդակներում էգալիտարյան սկզբունքները։ Բնականաբար, օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնում մարդու իրավունքները, բնակչության եկամուտները, արտագաղթը կասեցնելը։ Չենք կարող մոռանալ նաև մեր շրջակա միջավայրը, որը մեծապես տուժում է։ Մեր թթվածինը, այս երկրագնդի վրա մեր գոյատևելու կարողությունը, որը հավասարապես կարևոր է, որքան մարդու իրավունքները։ Ուստի պետք է անդրադառնանք բոլոր խնդիրներին, ուժեղացնենք արհմիությունները, բաներ փոխենք այս երկրում, որպեսզի ցանկացած այլ առաջնորդ չկարողանա ունենալ նման  բացարձակ իշխանություն երկրի քաղաքացիների նկատմամբ։

– Խոսելով առաջընթացի թեմայից, ինչ կարծիքի եք՝ Սփյուռքը այս շարժման մեջ դեր ունեցե՞լ է։ Դուք ինքներդ Սփյուռքից եք և որոշակի հատված եք ներկայացրել։ Ինչպիսի՞ն է եղել Սփյուռքի ներգրավվածությունը առաջընթացի հարցում։

– Հիմնվելով անցյալի վրա, անգլիական մի ասացվածք կա՝ երեխաները սիրում են տեսանելի լինել, ոչ թե լսելի։ Այդպիսին էր Սփյուռքը նախորդ իշխանությունների ժամանակ։

Նրանք ցանկանում էին, որ Սփյուռքը ներդրումներ անի, զբոսաշրջությանը զարկ տա, լավ ներդրումային գաղափարներով հանդես գա, սակայն ոչ ոքի երբևէ չէր հաջողվել քաղաքական հարթակներում լսելի լինել, բարեփոխումների գաղափարներ ձևավորել։ Միգուցե նրանք փորձել են, միգուցե ոչ, միգուցե չեն լսել։ Ես միշտ փորձել եմ դա անել՝ լինելով արվեստի բնագավառում։ Սփյուռքը անչափ ոգևորված է, լիովին աջակցում է շարժմանը։ Ունեմ ընկերներ տարատեսակ կազմակերպություններում, որոնցից ոմանք կապերի մեջ էին հանրապետականների հետ, սակայն իրենք ևս շատ ոգևորված էին փոփոխություններով, նախքան խորհրդարանում դաշնակցության դիրքորոշման փոփոխությունը։ 

Ինչպե՞ս կարող ես որպես Սփյուռքում ապրող հայ, երջանիկ չլինել ավելի արդար հասարակության հեռանկարից, երկրի ու մարդկանց համար ավելի վառ հույսից։ Կարծում եմ՝ աճող ներգրավվածություն կա։ Ես, իմ բոլոր ընկերները երկուսուկես շաբաթ է՝ չենք քնում։ Բոլորս հետևում ենք իրադարձություններին ուղիղ եթերով՝ ժամանակային առումով տարբեր գոտիներում գտնվելով։ Բոլորը զանգում են ինձ՝ ի՞նչ ես կարծում, ես եմ զանգում այլոց՝ ի՞նչ ես կարծում։ Ավելի մեծ ներգրավվածություն կա Սփյուռքի կողմից, քան որևէ այլ հարցում, նույնիսկ Հայոց ցեղասպանության հետ կապված ակտիվիզմում։ Սա Սփյուռքի՝ Հայաստանում ավելի քան երբևէ ունեցած ներգրավվածություն է, որովհետև սա նաև այն պահն է, որ Սփյուռքը ևս ներգրավվի և պահանջատեր լինի Հայաստանի ապագայի նկատմամբ։ Մենք այս ազգի մասն ենք։ Եվ նկատի չունեմ՝ միայն ֆիզիկապես կամ ֆինանսապես, ներդրումային առումով, այլ ամեն կերպ։ Սա այն պահն է, երբ Սփյուռքը կարող է սեփական ձայնն ունենալ։ Եվ կարծում եմ՝ կարևոր է կազմակերպել սփյուռքյան բազմաթիվ համայնքները։ Գոյություն չունի «Հայկական սփյուռք» որպես եզակի միավոր, կան մի քանի սփյուռքեր։ Կարծում եմ՝ կարևոր է կազմակերպել բազմաթիվ սփյուռքերը, որպեսզի կարողանանք կիրառել Սփյուռքի լավագույն հմտությունները, լավագույն գաղափարները,  լավագույն քաղաքական կոնցեպտները, լավագույն լոբբինգը՝ լինել ավելի արդյունավետ թե՛ Հայաստանի և թե՛ արտերկրում բնակվող հայերի համար, ողջ հայ ազգի համար։

– Խոսելով Սփյուռքի ոգևորվածության մասին, մենք տարբեր առիթներվ ականատես ենք եղել, որ նրանք միավորվում են, ոգևորվում, ապա,  քանի որ բնակվում են տարբեր վայրերում, վերադառնում իրենց կյանքին։ Ինչ եք կարծում, հնարավո՞ր է այս էներգիան ու ոգևորությունը ուղղորդել, որպեսզի այն ավելի երկար կյանք ունենա։

– Այո։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, պատմական է Հայաստանի համար։ Ահռելի է ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ աշխարհի։ Մենք օրինակ ենք ծառայում մի խաղաղ հեղափոխության, որը դեռ ուսումնասիրվում է։ Ինձ հարցնում են լրագրողներ Ալ Ջազիրայից, Դոյչե Վելլեից՝ ինչ կարծիքի եմ այս հեղափոխության՝ որպես օրինակ լինելու մասին, մարդիկ աշխարհով մեկ ուսումնասիրում են այս երևույթը։ Ահա թե որքան ոգևորիչ է այս ամենը։ Երգել, պարել և ժպտալ, ապակենտրոնացնել քաղաքացիական անհնազանդությունը և կազմալուծել իշխանության կառույցը։

Ե՞րբ է վերջին անգամ նման բան տեղի ունեցել որևէ տեղ։ Շատ ոգևորիչ է, Սփյուռքը լիովին ներգրավված է։ Մենք երաշխիքներ ենք տալիս՝ ներդրումների առումով, երբ ստանանք երաշխիքներ, որ համակարգն ավելի թափանցիկ է, ահա հարկային օրենքները, անկանխատեսելի գործընկերություններ, հարկեր կամ անհարկի այլ բաներ չեն լինի, և մարդիկ կիմանան, որ կարող են ներդրումներ կատարել։

Կարող եմ արդեն իսկ ասել, որ երկրի վստահելիությունը աճել է երկու շաբաթվա ընթացքում, և երկրի ֆինանսական վարկանիշը արդեն իսկ դրական աճի միտում ունի։ Եվ հենց իրականացվեն համապատասխան տնտեսական բարեփոխումներ, որոնք պետք է որ արագորեն տեղի ունենան, կարծում եմ ոչ միայն Սփյուռքը, այլև ողջ աշխարհն է ներդրումներ անելու Հայաստանում։ Ի՞նչ է դա նշանակում՝ ավելի շատ աշխատատեղեր։ Դա իր հերթին նշանակում է, որ մարդիկ հետ կգան Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և կապրեն իրենց ընտանիքների հետ, ում այստեղ են թողել։ Կկարողանան աշխատել և բավարար եկամուտ ստանալ։ Երջանիկ լինել Հայաստանում։ Իսկ դա նշանակում է ավելի շատ հարկային եկամուտ երկրի համար, արտաքին պարտքից ազատում, ռազմական ոլորտին ուղղված գումարների աճ։ Սա դոմինոյի էֆեկտ է՝ դրական ուղղվածությամբ, և սա դեռ առաջին քայլն է։

– Կցանկանայի վերադառնալ Մայիսի 8-ին, երբ հանդես եկաք բեմի վրա։ Երգեցիք «Բարի արագիլ» երգը։ Ինչու՞ ընտրեցիք հենց այդ երգը։ Պատճառ կա՞, թե ուղղակի Ձեր սիրելի երգերից է։

– Ես Լոս Անջելեսում էի, տոմսս գնեցի և պատրաստվում էի ելույթս գրել հայերենով, ինչը հավանաբար քսան տարի է՝ չեմ արել, բավականին դժվար էր։ Երբ գրում էի ելույթս, սկսեցի “My dear, victorious Armenian people of our free and independent country, of happy Armenia”։ Երբ օգտագործեցի «երջանիկ» բառը, իմ մտքով անցավ «Երջանիկ, երջանիկ երկիր»։ Մտածեցի՝ լավ կլինի, եթե երգեմ մի փոքրիկ հատված ելույթիցս հետո։ Լուրեր էին պտտվում, որ համերգ եմ տալու, որոնք ճիշտ չէին։ Ոչ միայն վատառողջ էի, այլև իմ նվագախումբը հետս չէր, պատրաստված չէի, սակայն այդ կերպ ես նպատակ ունեի մթնոլորտը ճիշտ էմոցիոնալ ու հոգևոր հաճախականության վրա դնել։ Հուզմունքը կար, և երբ բոլորը սկսեցին երգել, և ասել «երջանիկ, երջանիկ», այդ պահին կարծես իրականացավ Հայաստանի մարգարեությունը։

-Սերժ, հետաքրքիր էր հետևել Թավշյա հեղափոխությանը, թե ինչպես է Նիկոլը իր տեղը գրավել հանրային տարածքում և առաջ անցել, հետաքրքիր էր նաև Ձեր ներգրավվածությունն այս ամենում ի սկզբանե։ Նշեցիք, որ մարդիկ կարողացան կապվել Ձեզ հետ և օրինակ ծառայեցիք նրանց համար։ Իսկապես շատ հետաքրքիր է եղել հետևել այս ամենին, դեռ առաջիկայում սպասվում են շատ այլ հետաքրքիր իրադարձություններ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ՍիվիլՆեթի հրավերն ընդունելու համար։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի