Ֆրենսիս Ֆուկույաման՝ հայկական հեղափոխության մասին

Հռչակավոր փիլիսոփա, քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման գերմանական DW ալիքի հետ հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը։

Հաղորդման հեղինակ Ժաննա Նեմցովան հարց է ուղղել Ֆուկույամային, թե ինչպես է գնահատում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

«Դա հուսադրում է այն առումով, որ մարդիկ ի վիճակի են միավորվել, նրանց դեռ կարելի է զայրացնել։ Եվ ահա նրանց դուր չի եկել այն փաստը, որ [Սերժ] Սարգսյանը փորձում էր պահել իր իշխանությունը՝ արդեն հնարավորություն չունենալով լինել նախագահ տասը տարուց ավելի ըստ Սահմանադրության։ Մարդկանցից շատերին արդեն զզվեցրել են առաջնորդները, որոնք ցանկանում են իշխել ցմահ։ Այնպես որ, այդ առումով Հայաստանի իրադարձությունները ես գնահատում եմ շատ դրական։

Ես մտահոգ եմ, քանի որ Հայաստանի վրա շատ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը։ Ռուսաստանին միանգամայն ձեռնտու է հին համակարգը, և Հայաստանում իրադարձությունները նրան հուսահատում են։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի անկախ տեղի ունեցող զարգացումներից՝ Հայաստանին թույլ չտա դուրս գալ իր ազդեցության գոտուց, ինչը տեղի ունեցավ Վրաստանի և Ուկրաինիայի դեպքում։ Ինձ մտահոգում է Հայաստանի հետ սպասվող առճակատումը»։

Հարցին, թե արդյոք կարծում է, որ հեղափոխությունը հետխորհրդային տարածքում ավտոկրատիայից ժողովրդավարության անցնելու միակ ճանապարհն է, Ֆուկույաման պատասխանել է․

«Երբեմն դա անհրաժեշտ է, սակայն չի կարելի ամեն ինչ որոշել հեղափոխությունների միջոցով։ Օրինակ, Ուկրաինայում կրիտիկական իրավիճակ է, և դա դրսևորվում է նրանով, որ երկիրը հնարավորություն ունի գնալ իրական ժողովրդավարություն դառնալու ճանապարհով։ Ուկրաինան կոռուպցիայի ու իշխանության չարաշահման հետ կապված հսկայական խնդիրներ ունի։ Սակայն հաջորդ տարի այնտեղ ընտրություններ տեղի կունենան, և դրանց շնորհիվ հնարավորություն կստեղծվի իշխանությունը փոխել ընտրությունների միջոցով, առանց հեղափոխության շարժվել նոր բարեփոխումների ուղիով, քանի որ հիմա շատերը զգում են, որ 2014-ին սկսված բարեփոխումների իմպուլսն այլևս չկա»։