Բանակի մարտունակությունը կնպաստի հաջող, նաև ուժի դիրքից բանակցելուն․ Դավիթ Տոնոյան

Նորանշանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ բանակի մարտունակությունը պետք է նպաստի Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի դիրքերին։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում բարձրագույն սպայակազմին ներկայացրել է նախարար Դավիթ Տոնոյանին։

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները: «Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին և ԶՈՒ-երին՝ կատարած ծառայության համար և հավելել, որ ՀՀ ԶՈՒ-երը վայելում են հայ ժողովրդի կատարյալ վստահությունը: «Սա շատ կարևոր է: Միաժամանակ, ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում այսօր կա կառավարություն, որը նույնպես վայելում է ժողովրդի վստահությունը, գուցե ոչ այնքան՝ որքան բանակը, բայց առնվազն ունենք պոզիտիվ իրավիճակ, որը բացառիկ է: Սա պետք է կարողանանք վերածել կոնկրետ արդյունքների, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի անվտանգային միջավայրը և որոնց արդյունքում այն դրական մթնոլորտը, որ հաստատված է հանրապետությունում՝ կպահպանվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացե՛ք նաև՝

Վարչապետը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

Լուսանկարը՝ Արմենպրեսի