Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ ԼՂ-ի մասին Փաշինյանի որոշ պնդումներ կարող են վտանգավոր լինել

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ԼՂ հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ կարող են վտանգավոր լինել։

Aravot.am-ի թղթակից հետ զրույցում խոսելով մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանի հրավիրած ասուլիսի մասին՝ Վիգեն Սարգսյանն ասել է․ «Վստահ եմ, որ նա նպատակ չի դրել բարդացնել Հայաստանի վիճակն այդ հարցում, բայց ակնհայտորեն արել է պնդումներ, որոնք ոչ միայն արժանացել են Ադրբեջանի բավականին ագրեսիվ արձագանքին, այլև, վստահ եմ, մտահոգում են նաև մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահությանը»։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Ստեփանակերտում, մայիսի 9։

«Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ավելացրել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք` «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ:

Ինձ համար նաև անհասկանալի է, թե ինչ նկատի ունի վարչապետը՝ ասելով, որ Հայաստանը պետք է այդ բանակցություններում հանդես գա Հայաստանի անունից, իսկ Արցախի իշխանությունները՝ Արցախի: Ստացվում է, որ Հայաստանը բանակցություններում Արցախի մոտեցումներից անջատ, առանձին օրակարգ ունի: Գոնե մինչև այս պահը այդպես չի եղել:

Այնուհետև, վարչապետն ասել է, որ կա նոր մոտեցում. բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է դրանցում Արցախի մասնակցության հանգամանքով: Դա կարող է հնչել որպես նախապայման, այնինչ Հայաստանը միշտ հայտնի է եղել որպես նախապայմաններ չառաջադրող, գործնական և վստահելի բանակցող: Երևի թե վարչապետը նկատի ուներ մեկ այլ բան, որ առանց Արցախի մասնակցության վերջնական լուծման հանգել և որևէ նման լուծում իրականացնելն անհնարին է: Բայց այդ դեպքում էլ պարզ չէ, թե ո՞րն է այդ մոտեցման նորությունը: Դա Հայաստանի մշտական մոտեցումն է եղել, նախագահ Սարգսյանի բազմիցս արտահայտած կարծիքը: Ավելին, այն հստակորեն ստացել է Մինսկի խմբի համանախագահող երկրների լիարժեք սատարումը: Այս մոտեցումը որպես «նոր» ներկայացնելը կարող է հնարավորություն տալ այլ դերակատարներին վերանայել այս ակնհայտ ճշմարտության մասով իրենց դիրքորոշումը:

Վերջապես, ինձ հասկանալի չէ Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ վարչապետի դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետությունը միշտ սատարել է այն մոտեցմանը, որ կարգավիճակի միջազգային ճանաչումը պետք է հետևի կարգավորման գործընթացին, և հենվի կարգավորման տառի և ոգու վրա: Իհարկե, մենք միշտ ողջունել ենք ճանաչման հայտարարությունները, բանաձևերը, որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի դրսևորում, բայց ինքներս երբեք դրանք չենք նախաձեռնել: Նման մոտեցումը կարող է խոչընդոտել բանակցություններին»:

Վիգեն Սարգսյանը նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններում կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ․

«Որպես օրինակ` պնդումն առ այն, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման խնդիր երբևէ չի եղել: Իհարկե, խաղաղապահների տեղակայման հարցն արծարծված է նաև հանրայնորեն շրջանառված մի շարք նախագծերում, օրինակ` Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում: Ակնհայտ է, որ արհեստավարժ թիմի շուտափույթ ձևավորումն իրոք կարևոր է` հնարավոր վտանգները շրջանցելու տեսանկյունից: Չէ՞ որ, ղարաբաղյան հիմնախնդիրն ու դրա խաղաղ կարգավորումը մեր թիվ մեկ մարտահրավերն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում։

Մեկնաբանել