Մայիսի 14-ին Սոչիում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպում

Մայիսի 14-ին Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գագաթաժողովի շրջանակում մայիսի 14-ին Սոչիում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել է, որՍոչիում Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

«Սա նրանց առաջին շփումն է լինելու, ինչը կարևոր է նախևառաջ այն առումով, որ պետությունների ղեկավարները կծանոթանան միմյանց հետ: Չեմ կարծում, որ միանգամից երկկողմ հարաբերությունների խնդիրներին վերաբերող խորը քննարկումներ կծավալվեն: Մյուս կողմից, սակայն, բնական է, որ որոշ հարցեր քննարկվելու են` հաշվի առնելով հատկապես պարոն Փաշինյանի այն հայտարարությունները, որ հնչել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը:

Մեկնաբանել