Բողոքի ցույցեր Վրաստանում՝ գիշերային ակումբներում հատուկ գործողությունից հետո

Մայիսի 12-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, հավաքվել էր մի քանի հազար մարդ՝ գերազանցապես երիտասարդություն՝ բողոք հղելու իրավապահների գործողությունների դեմ, որոնք իրականացվել էին մայրաքաղաքի գիշերային ակումբներում:

Հատուկ գործողությունը, որը բողոքի ալիք է բարձրացրել, իրականացվել է մայիսի 12-ի լույս գիշերը Bassiani и Gallery գիշերային ակումբներում: Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են զինված իրավապահները մտնում ակումբներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ակումբներից բերման է ենթարկվել ութ մարդ, որոնք կասկածվում են թմրամիջոցների վաճառքի մեջ: «Սպիտակ աղմուկ» կազմակերպությունը, որը հանդես է գալիս Վրաստանում թմրանյութային քաղաքականության բարեփոխման օգտին, պնդում է, որ միայն Bassiani ակումբից բերման է ենթարկվել 60 մարդ, որոնց գտնվելու վայրն անհայտ է:

Խորհրդարանի մոտ հավաքվածները պահանջել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: «Սպիտակ աղմուկ» կազմակերպության ակտիվիստները հայտարարում են, որ տեղի ունեցածը «հարված է վրաստանյան ժողովրդավարությանը»:

Ցուցարարները վրաններ էին տեղադրել խորհրդարանի մոտ, որոնք հեռացվել են ոստիկանների կողմից: Ակտիվիստները վրանների հեռացումը որակել են «ապօրինի» և խոստացել են վերսկսել գործողությունները՝ հետագա քայլերը քննարկելուց հետո:

Մեկնաբանել