Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ այսօր կեսօրին Սոչիի «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում

Այսօր՝ կեսօրին, Սոչիում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ըստ նախնական ծրագրի՝ հանդիպումը տևելու է 40 րոպե: Այն անցկացվելու է ՀՀ վարչապետի կեցավայրում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում:

Երեկ Սոչի ժամանելուց հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ադլերի հայկական եկեղեցի, որտեղ հավաքվել էին հարյուրավոր հայեր: Իր ունեցած կարճ ելույթում Փաշինյանը խոսեց հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի դաշնակցային դարձնելու մասին, ռուսաստանաբնակ հայերին խոստացավ, որ «բոլորը հետ են գալու Նոր Հայաստան» և նրանց կոչ արեց ներդրումներ անել ՀՀ-ում, որտեղ «ամեն ներդրող պաշտպանված է լինելու օրենքով»:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սոչիում է՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այսօր նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահների, ինչպես նաև Մոլդովայի ղեկավարի հետ: Մոլդովան նիստին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով: Սոչիում Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

 

Թաթուլ Հակոբյան, Սոչի