Իրան․ պատերազմին նպաստող և խանգարող գործոններ

Հայկ Տեր-Ներսիսյան

Վերջին շրջանում կարևոր է դարձել ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև առաջացած լարվածության խնդիրը, որը ամբողջ աշխարհի համար ունի չափազանց կարևոր տնտեսական և քաղաքական նշանակություն, իսկ Հայաստանի համար այն ունի ուղղակի կենսական նշանակություն։

Նախորդ շաբաթ, ակտիվ ռազմական գործողություններ տեղի ունեցան Սիրիայում՝ իրանական և իսրայելական ռազմական ուժերի միջև. վերջիններս ունեն ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը: Իրավիճակի հետագա թեժացման պարագայում, ամբողջ տարածաշրջանը կարող է հայտնվել պատերազմի մեջ՝ ներգրավելով և՛ տարածաշրջանի երկրներին, և՛ խոշոր տերություններին, հանձինս՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի: Եվ այս ամենը` Հայաստանի երկու սահմանակից երկրներից մեկին անմիջականորեն հարող սահմանին:

Հիմնական պատճառը, որ մինչ այժմ զսպում է Արևմուտքի կողմից Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, հավանական պատերազմի անկանխատեսելի հետևանքներն են։ Իսկ անկանխատեսելիությունը ուղիղ համեմատական է նավթի գնի և առաջարկի կտրուկ տատանումներին, որն էլ, իր հերթին, ուղղակիորեն ազդում է համաշխարհային տնտեսության վրա։

Ելնելով ապագայի նկատմամբ այս անորոշությունից, անհրաժեշտ է կենտրոնանալ կարևորագույն գործոնների վրա, որոնք ունեն երկու հակադիր վեկտորներ: Այս գործոնները կա՛մ կխթանեն, կա՛մ կզսպեն լայնամասշտաբ պատերազմը Իրանի հետ։

Պատերազմը խթանող գործոններ

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ի դուրս գալը 2015-ին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից։

– Թրամփի կողմից Ջոն Բոլթոնի նշանակումը Ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Բոլթոնը հայտնի է իր ագրեսիվ արտաքին քաղաքական հայացքներով։ Նա բազեների (hawk) թևին պատկանող գործիչների շարքից է: Նա նույնիսկ հասցրել է այս օրերին սպառնալ եվրոպացիներին` պատժամիջոցներով, եթե վերջիններս չհամաձայնեն նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։

– Իսրայելի կանխարգելող (preventive) ազգային անվտանգության դոկտրինը, որը ենթադրում է կտրուկ գործողություններ և առաջինը հարվածելու մոտեցում։

– Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ-ի փոքր և միջին նավթարդյունահանող ընկերություններին` ավելացնելու նավթի արտահանումը, որպեսզի կարողանան զսպել նավթի գնի կտրուկ աճը։

– Սաուդյան Արաբիան համաձայնություն է տվել, որ իր նավթի քաղաքականությունն ուղղված է լինելու «միջազգային տնտեսության շարունակական զարգացմանը», այն է՝ նավթի գնի կայունությունն ապահովելը, հետևաբար, նավթի գնաճի դեպքում ավելի շատ արդյունահանում ու արտահանում։ Թեև սաուդցիների տնտեսական շահերից չի բխում նավթի ցածր գինը, սակայն աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով, նրանք կարող են դիտարկել նման քաղաքականությունը՝ ոխերիմ թշնամի Իրանին ճգնաժամի մեջ պահելու նպատակով։

– Մեծ Բրիտանիան յուրահատուկ նավթարդյունաբերական քաղաքականություն է վարում. այն արտադրում և արտահանում է ավելի քիչ նավթ, քան ի վիճակի է՝ այդպիսով հավաքելով մեծ պաշարներ, որոնք հարկ եղած դեպքում կարող է արտահանել` նավթի գները զսպելու նպատակով։

Պատերազմը զսպող գործոններ

– Թեև ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային պայմանագրից, այնուհանդերձ, պայմանագրի մյուս մասնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, արտահայտեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները պայմանագրի շրջանակներում, որը որոշակի հույսեր է ներշնչում` հավանական պատերազմի կանխարգելման համար։

– Վենեսուելայի նավթի արտահանման կտրուկ նվազումը, ինչպես նաև Նիգերիայում և Լիբիայում քաղաքական անկայուն վիճակը, որոնք բնականաբար, զսպում են նավթի գների աճը։

– Պարսից ծոցում Հորմուզի նեղուցը, որով արտահանվում է Իրանի և Սաուդյան Արաբիայի նավթի մեծ մասը (համաշխարհային ամբողջ նավթի 1/5-ը և համաշխարհային նավթի օվկիանոսային առևտրի 1/3-ը): Պատերազմի դեպքում, այս նեղուցը դառնալու է Իրանի և Սաուդյան Արաբիայի պատերազմի թատերաբեմ՝ խափանելով նավթի համաշխարհային առևտուրը։

– Բենզինի բարձր գները ամենազգայուն տնտեսական ինդիկատորներից են ԱՄՆ քաղաքացիների համար, և պատերազմի պարագայում դժվար կլինի կանխատեսել այս հումքի գնաճի չափը։

– Վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկությունը նվազել է՝ հասնելով ամենացածր մակարդակին՝ 3,9%: Չնայած դրական այս փաստին, կանխատեսվում է, որ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կհաղթեն: Եթե բենզինի գները շարունակաբար բարձրանան, հակաթրամփյան (հակահանրապետական) ալիքը նունիսկ կարող է օրենսդիր մարմինը 2/3-ով փոխանցել դեմոկրատական մեծամասնությանը, որը, նման սցենարի դեպքում, չի բացառի ԱՄՆ նախագահի իմփիչմենթը:

– Նավթի բարձր գները կարող են խթանել բազմաթիվ թերթերային նավթ (shale oil) արդյունաբերողների մուտքը շուկա (ոմանք արդեն վերսկսել են իրենց արտահանումը), սակայն այս հանքերը հիմնականում կարող են ակտիվանալ մոտավորապես 7-12 ամսվա ընթացքում, և թերթերային նավթարդյունաբերողների դրական ազդեցությունը նավթի գների վրա մոտակա ժամանակահատվածում գրեթե չի նկատվելու, ինչը նշանակում է Հանրապետական կուսակցության դիրքերի թուլացում։ Այս հանգամանքը ևս Թրամփին ձեռնտու չէ։

– ԱՄՆ-ը վերջին տասնամյակի ընթացքում փորձում է կայուն պահել իր նավթի պաշարները, սակայն հաճախակի է օգտվում այդ պաշարներից` ներքին ծախսերը հոգալու համար. հետևաբար՝ նոր, երկարաժամկետ ճնշումն այս բաղադրիչի վրա կարող է ունենալ ոչ ցանկալի, նաև անկանխատեսելի հետևանքներ։

– Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Կորեան ամենաշատն են ներկրում իրանական նավթ, և եթե իրանական նավթի արտահանումը խափանվի, ապա այս երկրների կողմից արտադրվող և արտահանվող ապրանքների գները զգալիորեն կբարձրանան: Սա էլ, իր հերթին, բացասաբար կազդի այդ ապրանքները ներմուծող և սպառող արևմտյան երկրների տնտեսությունների վրա։

– Լայնամասշտաբ պատերազմի դեպքում հնարավոր է՝ Իրանն ընդլայնի իր ռազմական գործողությունները մինչևԿասպից ծով՝ խափանելով բոլոր տեսակի էներգետիկ ծրագրերը, որոնք նպատակաուղղված են այդ տարածաշրջանի նավթը և գազը դեպի Եվրոպա հասցնելուն:

– Իրաքի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Հաիդեր ալ-Աբադիի կուսակցությունը պարտություն կրեց՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Նրա կուսակցությունն ուներ Արևմուտքի աջակցությունը։ Հաղթանակ տարավ Մուքթադա ալ-Սադրի կուսակցությունը, որը համարվում է Իրանի դաշնակիցը Իրաքում։ Լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իրանը կօգտագործի իր դաշնակից Իրաքի շիա արաբներին՝ տարածաշրջանում անկայունություն հրահրելու և նավթի գների վրա ազդեցություն գործելու նպատակով։

– Ամենակարևոր գործոնը, թերևս, լայնամասշտաբ պատերազմի տևողությունն է։ Իրանը ո՛չ Իրաք է, ո՛չ էլ Սիրիա։ Նրա ներուժը, հասարակության պետականամետ մոտեցումը (չնայած, իրանցի երիտասարդների մեծ մասն ատում է մոլլաների իշխանությունը), ռազմական պատրաստվածությունը, համաշխարհային տնտեսությանը էական վնաս պատճառելու հնարավորությունը, բնականաբար, արտաքին խաղացողներին ստիպում են չտրվել ակտիվ ռազմական գործողությունների գայթակղությանը:

Այս բարդ իրողությունների և հավանական զարգացումների ֆոնին հայ հասարակությունն, անշուշտ, լավ գիտակցում է, որ վարչապետ Փաշինյանը պետք է ունենա իսկապես ամուր դիրքեր, որպեսզի կարողանա ալեկոծվող տարածաշրջանում հնարավորինս արդյունավետ բանակցել տարբեր հարթակներում` Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու նպատակով: Չափազանց կարևոր է, որ այդ կենսական խնդիրների իրագործմանը էականորեն իրենց նպաստը բերեն բոլոր քաղաքական ուժերը` առանց բացառության:

***

Հայկ Տեր-Ներսիսյանը Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է, Լույս հիմնադրամի կրթաթոշակառու։ Նրա ուսումնասիրությունների տիրույթում է քաղաքական ռիսկի վերլուծությունը։ Տեր-Ներսիսյանը մոտ 15 տարվա աշխատանքային փորձ ունի ֆինանսական ծառայությունների ասպարեզում, ներկայում աշխատում է Նյու Յորքում՝ խորհրդատվական խոշոր քառյակի ընկերություններից մեկում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում։

Մեկնաբանել