Իսրայելը հայտարարել է Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսին հետ ուղարկելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին։ Ավելի վաղ Թուրքիան հետ էր ուղարկել Իսրայելի հյուպատոսին։
Հյուպատոսներին առաջարկվել է որոշ ժամանակով վերադառնալ հավատարմագրող երկիր՝ «խորհրդակցությունների համար»։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան մեղադրելով «Համաս» խմբավորմանը սատարելու մեջ։
Իսրայելի և մուսուլմանական երկրների, մասնավորապես, Թուրքիայի միջև հարաբերություններում ճգնաժամը սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո։
Դեսպանության բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մայիսի 14-ին Երուսաղեմում։ Միջոցառմանը մասնակցել է Թրամփի դուստրը՝ Իվանկան և նրա ամուսինը՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները։
Դեսպանության տեղափոխումը հարուցել է զանգվածային անկարգություններ Գազայի հատվածում, իսրայելական բանակի հետ բախումներում զոհվել է մոտ վեց տասնյակ պաղեստինցի։
Նույն օրը Էրդողանը հետ է կանչել Թուրքիայի դեսպաններին Իսրայելից և ԱՄՆ-ից։