Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերադարձել է Քնեսեթ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերադարձել է Իսրայելի խորհրդարան․ մայիսի 16-ին «Սիոնիստական ճամբար» կուսակցության անդամ Իցիկ Շմուլին Քնեսեթ է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։ Փաստաթղթի ներկայացումը հետևում է թուրք-իսրայելական հարաբերություններում հերթական ճգնաժամին․ օրերս երկու երկրներից հետ են ուղարկվել միմյանց հյուպատոսները։

Ինչպես հաղորդում է իսրայելական Jerusalem Post թերթը, փաստաթղթի նպատակն է այնպես անել, որ Իսրայելը դառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը։

Իսրայելի և մուսուլմանական երկրների, մասնավորապես, Թուրքիայի միջև հարաբերություններում ճգնաժամը սկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո։

Դեսպանության բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մայիսի 14-ին Երուսաղեմում։ Միջոցառմանը մասնակցել է Թրամփի դուստրը՝ Իվանկան և նրա ամուսինը՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները։

Դեսպանության տեղափոխումը հարուցել է զանգվածային անկարգություններ Գազայի հատվածում, իսրայելական բանակի հետ բախումներում զոհվել է մոտ վեց տասնյակ պաղեստինցի։

Նույն օրը Էրդողանը հետ է կանչել Թուրքիայի դեսպաններին Իսրայելից և ԱՄՆ-ից։ Անկարան և Թել Ավիվը հետ են ուղարկել միմյանց հյուպատոսներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոշտ հայտարարություններ են հնչեցրել միմյանց հասցեին։

Ինչպես Քնեսեթում հայտարարել է պատգամավոր Շմուլին, իսրայելական կողմը չի պատրաստվում հանդուրժել «թուրք հակասամեկան մսագործի քարոզներն ու խրատները, որն ամեն օր Սիրիայի հյուսիսում ռմբակոծում է հազարավոր քրդերի և որի պետությունը պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի ցեղասպանության համար»։

Օրինագծի համահեղինակ, «Լիկուդ» կուսակցության պատգամավոր Ամիր Օհանան հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչումը «պետք է տեղի ունենար շատ վաղուց»։ Նա նշել է, որ ոճիրը չճանաչելու դիվանագիտական հիմնավորումն այլևս գոյություն չունի, «և արդարություն հաստատելու համար երբեք շատ ուշ չէ»։

Այս տարի՝ ավելի վաղ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը։ Փետրվարին, սակայն, օրինագիծը մերժվեց։

Jerusalem Post-ը հղում է անում դիվանագիտական աղբյուրներին, որոնք իրավիճակը բնութագրում են որպես «ռազմավարական առումով նուրբ»․ ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու որոշումը, ըստ նրանց, Նեթանյահուինն է լինելու։

***

2017թ․ դեկտեմբերին Իսրայելի պաշտպանության նախարար, ադրբեջանամետությամբ աչքի ընկնող Ավիգդոր Լիբերմանը հարցազրույց էր տվել RTVI հեռուստաալիքին, որում անդրադարձել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը։ Լիբերմանը Հայոց ցեղասպանությունը անվանել էր «տեսական, վիճելի հարց», որը չարժե բարձրացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար։

Երուսաղեմի հարցում Թուրքիայի հակաիսրայելական դիրքորոշման և ի հեճուկս Թուրքիայի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերի մասին Լիբերմանն ասել է․ «Ես չեմ կարծում, որ արժե փորփրել այդ զուտ պատմական, վիճելի և տեսական հարցը, այն չունի կոնկրետ ազդեցություն Իսրայելի այսօրվա դիրքորոշման վրա»։

Լրագրողի հարցին, թե արդյոք դա պայմանավորվա՞ծ է Ադրբեջանի հետ հարաբերություններով, Իսրայելի ՊՆ ղեկավարը պատասխանել է․ «Նախևառաջ՝ պատմական տեսանկյունից շատ են վեճերը, երկրորդ՝ Ադրբեջանի հետ ունեցած մեր հարաբերությունները, որոնք մեզ համար շատ կարևոր են և երրորդ՝ մենք պետք է նայենք կոնկրետ բաների։ Այսօր առկա է մեր գազային բանալին Էրդողանին հանձնելու փորձ, դա, ըստ իս, շատ ավելի կենսական հարց է՝ հեռուն գնացող հետևանքներով։ Նախքան այդ արկածախնդրությանը դիմելը արժեր նորից ամեն ինչ կշռել և քննարկել»։

Մեկնաբանել