Կասպրչիկը Մնացականյանին ներկայացրել է Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները

Մայիսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Դեսպան Կասպրչիկը շնորհավորել է նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։

Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս առումով կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։